Այլ կերպ չէր էլ կարող լինել…

timthumb

Ժողովո՛ւրդ ջան, կասե՞ք, թե ձեզանից քանիսն են վերջին 6 ամսվա ընթացքում լիարժեք բժշկական հետազոտություն անցել: Վստահ եմ՝ շատերը նույնիսկ վերջին մի քանի տարում չեն գնացել հետազոտվելու, իսկ գիտե՞ք` ինչու, որովհետև շատերի ֆինանսական հնարավորությունները չեն ներում՝ անելու այդ, մինչդեռ զարգացած հասարակություններում, օրինակ, արդեն վաղուց հանրային էթիկայի մի մասնիկ է դարձել սեփական առողջության մասին ինչպես հարկն է հոգ տանելը, քանի որ այնտեղ մարդիկ առաջնորդվում են«լավագույն բուժումը կանխարգելումն է» հայտնի սկզբունքով: Չէ՛, այնպես չէ, որ մենք՝ հայերս, այնքան հետամնաց ենք, որ չենք հասկանում այդ ասույթի արժեքն ու ճշմարտացիությունը, պարզապես ստացվել է այնպես, որ, ի տարբերություն նույն այդ զարգացածների, մեր ժողովուրդը գտնվում է անհամեմատ ավելի ցածր սոցիալական մակարդակի վրա, ինչով էլ հենց հիմնականում պայմանավորված է մեր՝ արդեն իսկ ծայրահեղության հասած «անձնուրացությունը». Հայաստանում հոժար կամքով բժշկի դիմելը վաղուց շատերիս համար դարձել է անիրական մի բան, քանի որ բավական է՝ ոտքդ դիպչի հիվանդանոցի շեմին, սկսվում է կլիենտից փող քերելու գործընթացը: Իսկ փողը, ինչպես հասկանում եք, քերվում է միանգամայն տարբեր մեթոդներով՝ սկսած, այսպես ասած, «չլոցիից», երբ մի մասնագետը միանգամայն անհասկանալի պատճառաբանությամբ հիվանդին ուղղորդում է մեկ այլ մասնագետի մոտ, որը, հանկարծ պարզվում է՝ այնքան էլ կապ չուներ տվյալ հիվանդին հուզող խնդիրների հետ, մինչև բժշկի կողմից հիվանդին ծանոթի դեղատուն ուղղորդելը՝ այս կամ այն դեղը գնելու: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե, ասենք, նույն «Ասկոֆենը», որը վաճառվում է բժշկի կողմից գովազդվող դեղատանը, մի քանի անգամ ավելի արագ ու էֆեկտիվ է ներգործելու, քան՝ մյուս դեղատներում վաճառվողները. այս ամենից ակնհայտ է դառնում բժշկի ու տվյալ դեղատան տիրոջ միջև ձեռք բերված գաղտնի համաձայնությունը՝ «լևի» փող կպցնելու ուղղությամբ:

Դե իսկ որոշ բժիշկների մասնագիտական ցածր որակների մասին խոսելը, կարծում ենք, ի սկզբանե ավելորդ է. համաձայնե՛ք, որ մեր իրականության մեջ բարձրակարգ մասնագետների պակասն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ իրեն զգալ է տալիս:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ներկայումս մատների վրա կարելի է հաշվել այն՝ իսկապեսբարձրակարգ մասնագետներին, որոնք գոնե 90%-անոց արդյունք են ցույց տալիս իրենց բժշկական պրակտիկայում: Հայաստանում բժիշկների հիմնական մասը (մանավանդ պոլիկլինիկաներում), ցավոք, միջին կամ ցածր ունակություններ ունեցող մասնագետներ են, որոնց՝ սեփական աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, շատ հաճախ, այնքան անլուրջ է, որ կարծես նրանց այցելուները ոչ թե մարդիկ են, այլ անասուններ… «Կարևորը՝ փող դուրս գա, թքա՛ծ, թե հետո ինչ կլինի»սկզբունքը, ցավոք, գործուն է ոչ միայն, ասենք «խադավիկների» շրջանում, այլև՝ շատ բժիշկների. վերջիններս, երևում է, մոռանում են, որ մարդը ժեշտ չէ, և ամեն մի սխալ քայլը կարող է կյանք արժենալ: Ա՛յ այսպիսի տխուր բաներ, ժողովո՛ւրդ ջան…

Բայց եկե՛ք արդարացի լինենք ու ինքներս մեզ խոստովանենք, որ չնչին աշխատավարձ ստացող մեր բժիշկներից պահանջել ավելին, պարզապես անիրատեսական կլիներ: Մարդիկ, ինչպես ասում են, համապատասխան ստիմուլ չունեն՝ առավել կատարելագործվելու, դառնալու շատ ավելի հոգատար՝ սեփական հիվանդների նկատմամբ և այլն, և այլն… Համաձայնե՛ք, որ չի կարող հազարների առողջության համար պատասխանատու մարդուն ավելի քիչ վարձատրվել, քան՝ հասարակության համար ոչ այնքան կարևոր աշխատանք կատարողը: Բայց դե ի՞նչ արած, մի՛ մոռացեք, որ մենք գտնվում ենք Հայաստանում, ուր նույնիսկ ամենաանտրամաբանական բաները վաղուց արդեն դարձել են մեր առօրյայի անբաժան մասնիկը:

Թե վերջապես երբ կկարգավորվեն Հայաստանի առողջապահական համակարգում երկար տարիներով կուտակված ու անլուծելի թվացող խնդիրները, մնում է միայն կռահել. չնայած շատ նախարարներ են եկել ու գնացել, սակայն համակարգի խնդիրները մնացել են նույնն ու այդպես էլ լուծում չեն ստացել: Մի կողմից էլ՝ պետք է բոլորիս պարզ լինի, որ դիտարկել առողջապահության համակարգը՝ անջատ ընդհանուր պետական համակարգից, սխալ կլիներ, քանի որ, եթե ուշադրություն դարձրեցիք, մեր կողմից թվարկված խնդիրները, այս կամ այն մուտացված տարբերակով, առկա են գրեթե մյուս բոլոր ոլորտներում, ու առողջապահության համակարգը, ցավոք, չի կարող էապես տարբերվել դրանցից. երկրի կառավարման տրամաբանությունն է պետք փոխել, այլ ոչ թե առանձին անձերի…

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *