Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նախօրեին թուրքական կողմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեագրած հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» լրատվականը, վարչապետը հայտնել է, որ Պուտինի հայտարարություները լուրջ չի ընդունում:
Դավութօղլուն ՌԴ նախագահի դիրքորոշումը «մանկական պահվածք» է անվանել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ գործնականում անհնարին է համաձայնության գալ: «Թուրքիայի գործող ղեկավարության հետ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դժվար է համաձայնության գալ կամ գործնականում անհնարին է: Նույնիսկ այնտեղ, երբ մենք ասում ենք «այո», մենք համաձայնում ենք, կողքից կամ թիկունքից հարվածում են մեզ, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով: Ուստի պետական մակարդակով ես հեռանկարներ չեմ տեսնում»,- ասել էր Պուտինը՝ հավելելով, որ Թուրքիայի իշխանությունները երկիրը տանում են դեպի իսլամացում: