Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում ելույթը սկսել է հայերեն «Բարև»-ով

timthumb

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավոր ընտրված պոլսահայ Գարո Փայլանը մեջլիսում ելույթը սկսել է հայերեն «Բարև ձեզ»-ով: «Հարգելի նախագահ, հարգարժան պատգամավորներ, բարև ձեզ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը՝ խոսելով նոյեմբերի 28-ին Դիարբեիրի Սուր գավառում մամուլի ասուլիս տալու ժամանակ սպանված թուրք փաստաբան Թահիր Էլչիի մահվան մասին: Նա հանգստություն է ցանկացել իր բնորոշմամբ «խաղաղության աղավնու»՝ Էլչիի հոգուն՝ համբերություն մաղթելով նրա ընտանիքին:

«Թահիր Էլչին խաղաղության աղավնի էր, ճիշտ Հրանտ Դինքի նման: Հրանտ Դինքը սպանվելուց երկու օր առաջ խոսել էր աղավնու անհանգստության մասին: Նա ասել էր. «Այո, աղավնու անհանգստության մեջ եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում աղավնիներին չեն դիպչում»: Երբ նա գրում էր այս խոսքերը, Տրապիզոնում Օգյուն Սամասթին ճանապարհ էին դնում այս երկրի ժանդարմերիայի և անվտանգության վարչության հետախուզական բաժնի աշխատակիցները: Իսկ Ստամբուլում հետախուզական բաժնի մյուս աշխատակիցները նրան դիմավորեցին, իսկ սպանության օրն անգամ ուղեկցեցին»,- իր ելույթում նշել է Փայլանը՝ ասելով, որ իրենց պարտականությունն է երկիրը մաքրել այն աղտից, որը կա արդեն 8 տարի: «Եթե մենք դա չանենք, հանցագործությունները կկրկնվեն: Դինքի սպանությունը կոծկելու պատճառով է, որ այսօր հանցագործությունը կրկնվեց, և այսօր մեկ այլ «խաղաղության աղավնի»՝ Թահիր Էլչին սպանվեց: Էլչին հավատում էր խաղաղությանը, եղբայրությանը, բանակցություններին ու ժողովրդավարությանը»,- նշել է Փայլանը:

Նա խստորեն դատապարտել է նաև օրեր առաջ ձերբակալված երկու լրագրողների՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության փաստը:

«Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաններն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից ևս ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չի կրել: Քանի հանցագործությունները չեն պատժվում, դրանք կկրկնվեն»,- ասել է Փայլանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *