Քողարկված ոսոխի պես…

timthumbՄայիսի 28-ը, արդարև, համարվում է մեր ժողովրդի պատմության փառահեղ էջերից մեկը, երբ 1918-ի այդ օրը շուրջ վեցդարյա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ՝ ունենալու սեփական հայրենիքն ու դասվելու պետականություն ունեցող ժողովուրդների շարքին:

Հայաստանի անկախացումից հետո, բայց հատկապես վերջին տարիներին այս օրը տոնվում է բավական շքեղ կերպով, ինչն, անշո՛ւշտ, չի կարող ոգևորիչ չլինել բոլոր հայերիս համար՝ անկախ մեր գտնվելու վայրից. սա հաստատ նշանն է այն բանի, որ երկրում հստակ գիտակցությունն ու արժևորումը կա պետականության գաղափարի, գաղափար՝ հանուն որի մեր պապերը պատրաստ են եղել մեռնելու:

Բայց որքան էլ պարադոքսալ ու ցավալի կարող է լինել, փաստ է, սակայն, որ որոշ լրատվամիջոցներ, տարված սեփական չեղած փառքի ստվերով ու սենսացիայի փնտրտուքով, անգամ այս տոն օրին չեն դադարում արդեն վաղուց ոչ բարի ավանդույթի վերածված սեփական սաբոտաժային գործունեությունն ու ընկած իբր սենսացիոն հարցազրույցներ անելու հետևից՝ փչացնում են մարդկանց տոնն ու, կոպիտ ասած, համը հանում. դիցուք անկախության տոնախմբության ժամանակ բազմավաստակ գեներալների ու հաղթանակ կերտած մարդկանց հետևից ընկնելով, նրանց ենթարկելով բառացիորեն տեռորի ու ուղղելով ամենևին էլ իրենց չվերաբերող ու անիմաստ հարցեր՝ որոշ լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներն այդ նեղ-մաջալին՝ տոնախմբության ամենաթեժ պահին, գեներալներից փորձում էին խոսք քաշել՝ տալով այնպիսի իմաստազուրկ հարցեր, որ թվում էր՝ նրանք ինչ-որ հատուկ ծառայությունների գործակալներ են ու տոնախմբման վայր էին եկել բացառապես գեներալներին քննելու համար:

Ինչ խոսք՝ երևույթն այս նոր չէ, ու եթե ուշադրությամբ հետևել եք որոշ ԶԼՄ-ների գործելաոճին, նկատած կլինեք, որ նույն պատկերն է հաճախ տիրում և Ազգային ժողովում, երբ հանկարծ կտեսնես մարդկանց դեմը կտրում են ու այնպիսի հարցեր ուղղում, որ մարդ եմ ասել, թե դիմանա: Հետո էլ ոմանք խոսում են լրագրողներին վիրավորելու, հայհոյելու և այլնի մասին ու տրտնջում, որ լրագրողի աշխատանքը չեն հարգում. նախ՝ լրագրողը պետք է իրեն հարգի ու հետո միայն դիմացինից նույնն ակնկալի, հակառակ պարագայում, կներե՛ք, թո՛ղ հարցաքննվողներին չմեղադրեն, թե կոպտում են իրենց:

Տոտալ պատերազմի շեմին գտնվող մեր երկրում, երբ բոլորիս համախմվածությունից է այսօր կախված Հայաստանի գոյության հարցը, մի շարք լրատվամիջոցներ, փաստացի, միանգամայն նպատակադրված կերպով լծվել են հայոց բանակի քայքայման պիղծ գործին՝ իրենց թիրախում պահելով հատկապես նրանց, որոնք մի ողջ ժողվրդի ոգին են, բանակի հիմքն ու հիմնական հարվածող ուժը, առանց որոնց մեր ապագա հաղթանակը ևս անհնարին է դառնալու. հինգերորդ շարասյունը այլևս գործողության մեջ է ողջ թափով…

Դավիթ Բաբանով 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *