Անսպասելի շրջադարձ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացում…

timthumbՀայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում շարունակում է իր հաղթարշավը՝ ընդգրկելով ոչ միայն առանձին երկրներ ու պետություններ, այլև այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, որոնց հզորության ու ունեցած վճռորոշ դերակատարության մասին իսկական լեգենդներ են շրջանառվում. կան բոլոր նախապայմաններն ու ազդակները՝ ենթադրելու, որ հրեական ADL կազմակերպությունը (հայերեն անվանումը՝ «Զրպարտության և ժխտողականության դեմ պայքարի կազմակերպություն») ամենամոտ ժամանակներս պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. օրերս այս կազմակերպության միջազգային տնօրեն Ջոնաթան Գրինբլատը, խոսելով 1915թ. հայերի դեմ տեղի ունեցածի մասին, աներկբա համոզմունք էր հայտնել, որ դա ցեղասպանություն է եղել՝ ազդանշան ուղարկելով, որ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, ADL-ը կճանաչի Ցեղասպանության փաստը: Ուշագրավ է այն, որ, ինչպես պարզվում է, այս կազմակերպությունը 2004թ. Թուրքիայի վարչապետին «Հրեական խիզախության» մրցանակ էր հանձնել՝ իր աջակցությունն արտահայտելով Էրդողանի կողմից վարվող քաղաքականությանը:

Այն, որ ԱՄՆ մի երկիր է, որի վրա զանազան կազմակերպությունների, կորպորացիաների, ազգային լոբբիների ունեցած ազդեցությունը ոչ մի կերպ չես կարող թերագնահատել, վաղուց հայտնի իրողություն է. այստեղ միշտ էլ կենտրոնական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության որոշակի ուղղությունների ռազմավարությունը որոշելիս հաշվի է առնվել մասնավորի կարծիքն ու, թո՛ղ որ չափազանցրած չհնչի, բայց մի շարք կարևորագույն հարցերում հենց այդ կառույցների դիրքորոշումն ու շահերն են հաշվի առնվում Վաշինգտոնի կողմից. այդպիսի ազդեցիկ կազմակերպություններից է և ADL-ը:

Հանրահայտ է, որ հրեական լոբբին Ամերիկայում իր հզորությամբ ու կառավարական շրջանակների վրա ունեցած ազդեցությամբ անգերազանցելի է. այդպես եղել է պատմականորեն, այդկերպ շարունակվում է մինչ օրս:Ընդհանրապես, պետք է ասել, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որքան էլ կարող է տարօրինակ թվալ, հրեական կազմակերպությունները միանշանակ դիրքորոշում չունեն. դրանցից շատերը բացահայտ դատապարտում են այն՝ իրերը կոչելով իրենց անուններով, որոշներն էլ՝ նախընտրում լռություն պահպանել՝ ելնելով թուրք-իսրայելական միջպետական հարաբերությունները չվնասելու մղումից. այդպիսի կազմակերպություններից է և ADL-ը, որը, ինչպես նշեցինք, անգամ մրցանակ էր տվել էրդողանին ու հանդես էր գալիս թուրքամետ դիրքորոշմամբ:

Բայց ինչպես պրակտիկան է ապացուցում, ոչինչ այս արևի տակ հավերժ չէ, ու թուրք-իսրայելական շահերն էլ կարող են մի օր իրար հակառակվել՝ հանգեցնելով անկանխատեսելի ու աներևակայելի արդյունքների: Եթե իրականություն դառնա ADL-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ապավստահաբար կարող ենք ասել, որ սա մեզ համար շատ ավելի մեծ ձեռքբերում կլինի, քան ասենք ինչ-որ 2-րդական երկրի խորհրդարանի կողմից Հայկական գենոցիդի ճանաչումն է. ունենալով հրեական կազմակերպությունների աջակցությունը՝ հայկական լոբբին ԱՄՆ-ում շատ ավելի արդյունավետորեն կարող է իր առաջ ծառացած խնդիրները լուծել, շատ ավելի հեշտությամբ հասնել ԱՄՆ կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, քան՝ առանց այդ աջակցության. սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *