Երեկ` մայիսի 2-ին, «Էրեբունի» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ունեցավ Գլոբալ Թայեքվոնդոյի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին մոտ 100 մարզիկներ` 6 մարզական ակումբներից և ֆեդերացիաներից: Առաջնության նախաձեռնողն էր Հայաստանի գլոբալ թայեքվոնդոյի ֆեդերացիան (AGTF), որի նախագահն է միջազգային կարգի սև գոտի 6-րդ դան Արա Սարգսյանը:
Առաջնությանը մասնակցում էին 6-ից 16 տարեկան մարզիկներ, ովքեր իրենց քաշային կարգերում հաղթանակ տոնելուց հետո պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:
Առաջնության կազմակերպմանն օժանդակելու համար Հայաստանի գլոբալ թայեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալագրեր հանձնեց միջոցառմանը ներկա գտնվող պատվավոր հյուրերին:
Կազմակերպիչների հրավերով առաջնությանը ներկա էր գտնվում նաև Միջազգային գլոբալ թայեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սև գոտի 8-րդ դան Ալեքսանդր Գոնգաձեն, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը` միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: