Երբ կառավարությունը մնում է խոպանչիների հույսին

karavarutyun
Երբ ամիսներ առաջ Հունգարիայի վարչապետը առաջարկել էր իրենց երկրում հարկել ինտերնետը՝ մենք հասցրեցինք ծիծաղել այդ անհեթեթության վրա: Բայց ինչպես տեսնում ենք՝ ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում. այսօր մեր կառավարությունը ոչ պակաս «ուշագրավ» առաջարկով է հանդես գալիս: Մասնավորապես կառավարության ներկայացուցիչն ԱԺ-ում ներկայացրել է ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, ըստ որի՝ կառավարությունը «Եկամտային հարկի մասին» օրենքով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Այսինքն, Ռուսաստանում շինաշխատանքներ կատարող՝ Հայաստանի քաղաքացիների գործունեությունը արդեն պետք է լինի գրանցված, օրինական, և Ռուսաստանին հարկ տալու փոխարեն նրանց ելամուտից հարկ կգանձի Հայաստանը:

Առաջին հայացքից աշխատողները չեն տուժելու, մի երկրին մուծելու փոխարեն տալու են մյուս՝ իրենց երկրին, մանավանդ որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև էլ կա կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ միջազգային համաձայնագիր: Խնդրահարույց կլինի միայն այն, որ Ռուսաստանում շինաշխատանքներ անող՝ ՀՀ քաղաքացիների զգալի մասը աշխատում է չգրանցված և առհասարակ որևէ հարկ էլ չի մուծում: Եվ այս պարագայում այդ 13 տոկոսը զգալի կլինի բազմաթիվ մարդկանց համար, բայց այդ մարդիկ այսուհետ կաշխատեն արդեն օրինական: Սակայն այս գործընթացը լուրջ վերահսկողություն է պահանջելու և արդյո՞ք կառավարությունն ի վիճակի կլինի այդ վերահսկողությունն իրականացնելու: Մի տեսակ վստահ չեմ…

Բայց դա էլ դնենք մի կողմ և փորձենք համարել, որ հանուն օրինականության արժե մարդկանց եկամուտը նվազեցնել 13 տոկոսով: Սակայն մի՞թե մեր կառավարությունը դատարկված բյուջեն լցնելու այլ տարբերակներ ի զորու չէ գտնել, որ մնացել է միայն «խոպանչիների» հույսին: Իսկ օլիգարխներին ու քրեաօլիգարխներին ամբողջությամբ հարկային դաշտ բերելու, տարբեր պաշտոնյաների կողմից արվող չարաշահումների, կոռուպցիայի դեմն առնելու, օլիգարխների ու պաշտոնյաների թալանածը կրկին նրանցից խլելու ու վերադարձնելու համար մեր կառավարության համարձակությունը չի՞ հերիքում…

Փաստորեն, չի հերիքում, որովհետև մեր կառավարությունը օլիգարխասեր է, օլիգարխավախ և բյուջեն ավելացնելու ամենաարդյունավետ միջոցները համառորեն չի ուզում նկատել: Այս պարագայում մինչ նոր օրինագծեր առաջարկելը, կարծում եմ, կառավարությունը ճիշտ կաներ՝ նախ մտածեր, թե արդյո՞ք ինքը իրեն արդեն չի սպառել և արդյո՞ք իր ներսում լուրջ փոփոխություների ժամանակը չէ:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *