Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է հետևեն արդեն իսկ ձեռք բերված համաձայնագրերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Վերջին ամիսներին մենք զինված հակամարտության ակտիվացման ականատես եղանք՝ ծանր հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, համազարկային կրակի ռեակտիվ սարքերի կիրառմամբ, ինչը հանգեցրել է զոհերի թվի մեծացման, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նման իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել։
Հակամարտող կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու նպատակով։ «Միջազգային միջնորդների այս կոշտ դիրքորոշումը հստակ արտահայտված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունում՝ 2015 թվականին սկզբին անցկացված ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը՝ ներառյալ հակամարտության գոտում լարվածության թուլացման առաջնահերթ միջոցառումները, քննարկվել են դեկտեմբերի 19-ին Բեռնում հայ-ադրբեջանական գագաթնաժողովին։ Ակնկալում ենք, որ կայացած զրույցը կայունացնող ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի վրա:
Ռուսաստանը՝ լինելով կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ակտիվ ջանքեր է ձեռնարկում՝ օգնելու հակամարտող կողմերին՝ հասնելու փոխզիջման։ Վերջին շրջանում տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Լավրովի մի շարք խորհրդարկցություններ, որոնց ընթացքում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցերի ողջ համալիրը։ Հուսով եմ, որ Նոր տարուց անմիջապես հետո այդ աշխատանքը կշարունակվի։ Բնականաբար, առանց ուշադրության չի մնա նաև ռազմական իրավիճակը»,- ասել է Կարասինը: