ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում

photo
Ապրիլի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ Եվրոպայի ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռելով Թուրքիայի զեղծարար քաղաքականության եւ Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ լուծումը խաթարող ռազմատենչ հայտարարությունների ու սադրանքների վրա: Տիկին Նաղդալյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը կարող է առաջացնել Լեռնային Ղարաբաղի մասին պատրաստվող զեկույցը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի գործընկերներ,

մեկ շաբաթ առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այցելեց Հայաստան: Այցի օրակարգը հագեցած էր եւ օգտակար՝ մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող շատ վճռական հարցերի առումով: ԵԽԽՎ նախագահը, խոսելով Ցեղասպանության մասին, հատկապես ընդգծեց անցյալի հետ առերեսվելու եւ առաջ շարժվելու կարեւորությունը:

Ցավոք, Թուրքիան ոչ միայն չի ընդունում իր անցյալը, այլ հիրավի իրականացնում է պատմության զեղծարարության քաղաքականություն: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այս երկիրն իրեն ներկայացնում որպես անվտանգ նավահանգիստ փախստականների համար, եւ որ ավելի ցինիկ է՝ Թուրքիան պնդում է՝ լինել այդ ապահով ապաստարանը՝ սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, երբ հայերը, հույները, բուլղարացիները, ասորիները, հրեաները եւ մնացած ոչ մահմեդական բնակչությունը օսմանյան լծի տակ համակարգված սպանվել են, խոշտանգվել եւ արտաքսվել իրենց հայրենի հողերից, ոչնչացվել է նրանց մշակութային ժառանգությունը:

Այժմ օրակարգի շուրջ:

Կցանկանայի ձեզ հետ կիսել հայկական պատվիրակության մի շարք մտահոգությունները՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթի շուրջ, որը պետք է պատրաստվի Վեհաժողովի կողմից:

Հայկական պատվիրակությունն այս հարցի շուրջ մշտապես պաշտպանել է բաց երկխոսության եւ անկեղծ քննարկման սկզբունքները: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ մենք մեծ կարեւորություն ենք տալիս Վեհաժողովում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Այսօր մենք զգում ենք տարածաշրջանի բավականին լարված ու դժվարին իրավիճակը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որը ղեկավարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, վտանգված է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների եւ ռազմական սադրանքների պատճառով:

Տիկնայք եւ պարոնայք,

վստահության բուն էությունը խաթարված է: Հակամարտության լուծման հայկական դիրքորոշումը մնում է նույնը՝ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, խաղաղ բանակցությունների միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա:

Գործընկերներ,

մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անցյալ ամառվանից մինչ օրս սահմանային միջադեպերի եւ զոհերի թիվը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում, աճել է: Հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միայն հայկական կողմի ջանքերը բավարար չեն, քանի դեռ Ադրբեջանն անում է ամենը՝ սրելու իրավիճակը հակամարտության գոտում: Եվ ցավալի է, որ անհեռանկար փաստաթղթերի գոյությունը խրախուսում է ադրբեջանական կողմին՝ նախաձեռնելու նոր եւ ավելի լայնածավալ սադրանքներ ու դիվերսիոն գործողություններ: Հունվարին Կրակովում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շուրջ հայտարարությամբ, որով նրանք Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման՝ իրենց ստանձնած պարտավորություններին:

Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, խորապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր կարող է խաղալ՝ համագործակցություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում: Սա այն տիրույթն է, որտեղ Եվրոպայի խորհուրդը, իրոք, կարող է զգալի ներդրում ունենալ՝ հատկապես հաշվի առնելով տիկին Բրասերի հայտնած այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 820 միլիոնանոց եվրոպական ընտանիքի մի մասն է, որի մասին նույնպես Եվրոպայի խորհուրդը պետք է հոգ տանի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *