Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահին

hovik1
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների ևս մեկ վկայություն է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Սիրիայի իշխանությունների ջերմ վերաբերմունքը և շնորհակալություն հայտնել սիրիական կողմին՝ սիրիահայերի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և նշել, որ Սիրիան եղել և շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին ընդգծել է, որ Սիրիան պատրաստ է խորացնել ու ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների:
Վարչապետ Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ և բարեկամ Սիրիային մաղթել խաղաղություն ու կայունություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է խորհրդարանական կապերի հետագա սերտացումը և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *