Ծառուկյանի վերադարձը և նախընտրական մթնոլորտի փոփոխությունը

Երեկ իր հանգուցալուծումը ստացավ ներքաղաքական դաշտի վերջին մի քանի ամիսների ամենաինտրիգային հարցը. հայ քաղաքական դաշտի ամենախարիզմատիկ գործիչներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնապես հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքական գործունեությանը և լայն դաշինքով մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին: Մի կողմ դնելով այն կցկտուր հայտարարությունները, որոնք հնչեցին հայրենի ընդդիմադիրների շուրթերից, անդրադառնանք իշխանական ճամբարից հնչած բավականին հետաքրքրական արձագանքներին:

Իսկ հետաքրքրական են դրանք այն առումով, որ կտրուկ փոխվել է հայտարարությունների ոճը և տոնը: 2015-ին Ծառուկյանին փնովող հանրապետականներն այսօր «դրական են գնահատում» վերջինիս վերադարձը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանական բևեռը մինչև վերին պահը թերահավատորեն էր վերաբերում Ծառուկյանի վերադարձի մասին լուրերին՝ համարելով դա քիչ հավանական: Մինչդեռ այսօր այդ նույն բևեռը կանգնել է փաստի առաջ. ներկուսակցական խրթին խմորումները քիչ էին, այժմ էլ՝ ի դեմս Ծառուկյանի և նրա ձևավորվող դաշինքի, ի հայտ է գալիս առավել քան հզոր մրցակից՝ այսպիսով ավելի թուլացնելով ՀՀԿ մեկնարկային դիրքերը:

Խորհրդարանի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Ծառուկյանի վերադարձն իրենց համար սպասելի էր և ՀՀԿ–ն հետևելու է այս գործընթացին և կծանոթանա նրա ներկայացրած ծրագրերին: Փաստացի՝ իշխանություններն այս պահին սպասելուց բացի՝ այլ անելիք չունեն: Գագիկ Ծառուկյանը, հայտարարելով իր վերադարձի մասին՝ գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց: Դա է պատճառը որ շատ և շատ ուժեր հայտնվել են դիտորդի դերում և նրանց համար սպասումների շրջանը երկարաձգվելու է:

Իշխանություններն անգամ չեն բացառում ընտրություններից հետո Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: Ինչ խոսք՝ Ծառուկյանը դժվար թե դիտարկի այդ տարբերակը: Նման հայտարարությունը ընդամենը ստեղծված իրավիճակի արտացոլումն է՝ երբ ՀՀԿ-ն թերևս առաջին անգամ՝ ճիշտ է գնահատում իր հնարավորությունները՝ գալիք խորհրդարանական ընտրություններում:

Իր հերթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ն Ծառուկյանի ծրագրերը չի մշակել ու չի մշակի: Անշուշտ, դրանում կասկած լինել չի կարող, քանի որ՝ դժվար թե Ծառուկյանի կալիբրի գործչի համար ծրագիր մշակեր ՀՀԿ-ն, որը երբևե այդ գործընթացում պրոֆեսիոնալիզմով աչքի չի ընկել, ինչի վկայությունն էլ երկրում ստեղծված աղետալի քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակն է:

Ըստ Շարմազանովի ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն՝ «Հանրապետական» կուսակցությանը չի շեղի իր քաղաքական ծրագրերից: Սակայն իրականությունն այն է, որ քաղաքական ծրագրերից, պլաններից շեղվել է ողջ քաղաքական դաշտը: Ընդդիմադիր ուժերը ստիպված են լինելու միանալ Ծառուկյանի ստեղծվող դաշինքին, հակառակ պարագայում՝ նրանց հնարավորությունները հավասարվում են 0-ի: Իշխանություններն էլ ստիպված են լինելու վերանայել իրենց մոտեցումները՝ ընտրապայքարի վարման կանոնների շուրջ, քանի որ Ծառուկյանի վերադարձը փոխել է նախընտրական մթնոլորտը երկրում և սահմանափակել իշխանական ուժերի՝ խուսանավելու հնարավորությունները: Այս տեսանկյունից՝ Ծառուկյանի վերադարձը շախ և մատ էր իշխանություններին…

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *