Ժողովրդավարական երկրներում, երբ պաշտոնյան հրաժարական է տալիս, հայտարարվում են պատճառները: Հասարակությունը, որպես կանոն, հավատում է այդ պատճառներին, որովհետև արևմուտքում իշխանությունները ձևավորվում և վերահսկվում են ընտրողների կողմից և, որպես կանոն, հավատարիմ են մնում բաց ու թափանցիկ աշխատելու գործելաոճին:
Օրինակ՝ անիմաստ է տողատակեր փնտրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականի գործընթացում, որովհետև ակնհայտ էր, որ այս գործիչը, քաղաքական սկզբունքերից ելնելով, չէր կարող իրականացնել ԵՄ-ից իր երկրի դուրս բերման գործընթացը:
Հայաստանում իշխանությունների բաց գործունեության և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում: Բարձրաստիճան պաշտոնյաները գնահատվում են ոչ թե քաղաքական, մասնագիտական սկզբունքների, այլ անձնական հավատարմության դաշտում:
Եթե լինում են պաշտոնանկություններ, ապա դրանք հիմնականում պայմանավորված են ներիշխանական խարդավանքներով, վերադասավորումներով ու բացառապես Բաղրամյան 26-ի կամքով:
Մեր երկրում տխուր օրինաչափությամբ, տարբեր են լինում հրաժարականների ու պաշտոնանկությունների իրական և հայտարարվող պատճառները:
Թերևս սա է պատճառը, որ ժողովրդի մեծ մասը չի հավատում, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ինքնակամ կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով: Ու սա այն դեպքում, որ Կոստանյանը չորս տարի առաջ ուղեղի կաթված է տարել և բուժման կուրս անցել:
Գուցե այսօր հին հիվանդությունն ու ցավերը գլուխ են բարձրացրել ու մարդն իսկապես առաջնահերթ է համարում իր առողջությամբ զբաղվելը:
Սակայն, միևնույն է, մամուլն ու հասարակությունը իրենց պատճառներն են «փնտրում», մանավանդ Կոստանյանի ղեկավարած ոլորտը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է՝ օրական տասնյակ անմեղների մեղադրականը հաստատելով կամ իրական մեղավորներին տանիք դառնալով: Անձամբ Կոստանյանը հրաժարական պետք է տար 2015-ի սկզբին, եթե մի փոքր սկզբունքայնություն կամ մասնագիտական արժանապատվություն ունենար և հասկանար, որ Պերմյակովի ոճրագործությունից հետո, գյումրեցիների ցասումը միանգամայն արդարացի է, և ինքը տեղին է հայտնվել քննադատության կիզակետում:
Բայց Հայաստանում ձախողումը, առավել ևս հանրային կարծիքը, քննադատությունը հրաժարականի պատճառ չեն: Հասարակությունն այնքան չի վստահում իշխանություններին, պաշտոնյաներին, որ Կոստանյանի պարագայում կասկածի տակ է դրվում անգամ մարդու առողջական խնդիրները:
Տարբեր վարկածներ կարող ենք լսել, որ արդեն նախկին դատախազը բարձրաստիճան ու ազդեցիկ պաշտոնյայի հետ է գժտվել, կամ նրան հուշել են հեռանալ, որովհետև հուլիսի 17-ի միջադեպը կադրային վերադասավորումների անհրաժեշտություն է ծնել, և այս մեկը՝ դրա շարքից է:
Եթե Կոստանյանն իսկապես առողջական խնդիրներ ունի, ապա նա կվիրավորվի շրջանառվող վարկածներից, սակայն ճիշտ կլիներ ավելի վաղ վիրավորվեր, երբ ջերմեռանդորեն պաշտպանում էր մի համակարգ, որը հանրության համար դարձել է ստի և կեղծիքի խորհրդանիշ:
Եթե Կոստանյանը գոնե պաշտոնապես ինքնակամ է հեռացել, ապա ԱԱԾ առաջին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է պաշտոնից՝ նախագահի հրամանագրով: Այս ազատման և ոստիկանությունում տեղի ունեցող կադրային փոխատեղումների պատճառների մասին պաշտոնապես լռում են, սակայն դրանց և հուլիսի 17-ի միջադեպի կապը կարող է ավելի ակնհայտ լինել:
Ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել հուլիսի 17-ի միջադեպը, և ինչո՞ւ դրա հանգուցալուծման գործընթացում իրավապահները կորցրեցին իրենց գործողությունների համաչափությունը:
Մինչև չտրվեն այս հարցերի քաղաքական, մասնագիտական գնահատականները, հասկանալի չեն լինելու ԱԱԾ-ում կամ Ոստիկանությունում կատարվող պաշտոնանկությունների և նշանակումների իրական պատճառները:
Սարգիս Հակոբյան