Կոճակ սեղմողները

timthumb

Երևի թե շատ քիչ մարդիկ կգտնվեն մեր երկրում, ովքեր ամեն ինչից գոհ են ու որևէ փոփոխություն չեն ուզում: Մյուս կոմից էլ՝ նույն մարդիկ հաճախ բողոքում են, որ ոչինչ չի փոխվում: Բայց ի՞նչ են անում իրենց ինչ-որ բան փոխելու համար, ի՞նչ է անում յուրաքանչյուրը գոնե իր ոլորտում, իր գործունեության մեջ այդ ոլորտը բարելավելու համար: Եթե ուշադիր ուսումնասիրենք, կտեսնենք, որ շատ դեպքերում ոչինչ էլ չի արվում: Օրինակ, վերցնենք Ազգային ժողովը, որը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է: Այն ունի 131 պատըգամավոր, որոնց առաքելությունը օրենքներ ստեղծելն է, օրենքներ, որոնք կլավացնեն մեր կյանքը: 131 մարդ դրա համար պետբյուջեից աշխատավարձ է ստանում, այսինքն՝ մեր վճարած հարկերից, մեր հաշվին: Իսկ, օրինակ, ԱԺ վերջին նստաշրջանի օրինագծերի 93%-ը, պարզվում է, ներկայացրել է կառավարությունը, այլ ոչ թե՝ պատգամավորները: Եվ առաջին անգամը չէ, որ նման ցուցանիշ է արձանագրվում: Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ համար են աշխատավարձ ստանում պատգմավորները, եթե օրինագծերի 90%-ից ավելին պետք է առաջարկի կառավարությունը, իսկ իրենք միայն ընդունեն կամ չընդունեն կոճակ սեղմելով: Փաստորեն, աշխատավարձ ստանում են հիմնականում կոճակ սեղմելու, երբեմն էլ տարբեր տեսակի բոցաշունչ, հուզական ու աննպատակ քննադատական ելույթների համար: Եվ նրանք կոչվում են օրենսդիր, իսկ կառավարությունը՝ գործադիր:
Հետաքրքիրն այն է, որ կոճակ սեղմողները միայն օլիգարխները չեն, այնպես որ այս դեպքում չի կարելի ամեն ինչ բարդել վերջիններիս վրա, որովհետև օլիգարխները ԱԺ-ում մեծամասնություն չեն կազմում, և մեծամասնության ինտելեկտուալ կարողություններն իրականում ներում են պատշաճ կերպով օրենսդիր գործունեություն ծավալելու համար: Մասնավորապես, օրինագծեր առաջարկելու հարցում ամենաակտիվը պետք է լինեին ընդդիմադիրները՝ դրանով իսկ ձգտելով իրենց ամպագոռգոռ ելույթների ժամանակ հնչեցրած խոսքերի գոնե մի փոքր տոկոսը իրականություն դարձնել: Սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ ընդդիմադիրներն ավելի շատ խոսքեր շռայլող են, իսկ տեսանելի օգուտը նրանցից շատ քիչ է եղել:
Նոր սահմանադրությամբ 131-ը կդառնա 101, բայց արդյոք քանակը կազդի որակի վրա: Կարծում եմ, առաջնային խնդիրը պետք է լինի, որպեսզի մենք ունենանք օրենսդիրներ, ոչ թե կոճակ սեղմողներ, հետո նոր կարելի է մտածել քանակի մասին: Ցավոք սրտի, այս վիճակը ոչ միայն ԱԺ-ում է, այլև շատ ուրիշ տեղերում, շատ ոլորտներում: Ամենուր վխտում են կոճակ սեղմողները:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *