Բողոք՝ հանուն չտեսության

f28cf4s-960

Միակ հեղափոխությունը Հայաստանում, որին ես այսօր կողմ եմ, դա հեղափոխությունն է մեր մեջ: Մեր հասրակությունն իսկապես որ իր մեջ փոխելու շատ բաներ ունի: Նախ, ես գտնում եմ, ժամանակն է ձերբազատվել արդեն «ազգային ավանդույթ» դարձած՝ ամեն ինչի դեմ բողոքելու սովորույթից, այլապես նույնիսկ ամեն տարի հեղափոխություն անելուց հետո ժողովուրդը երջանիկ չի լինի, կրկին դժգոհ կլինի ամեն ինչից՝ տեղին, թե անտեղի:

Տեղին բողոքները թողնենք մի կողմ, անտեղի բողոքներն իրենց քանակով չեն զիջում: Բողոքում են ամեն ինչից, կարևորը՝ առիթ լինի: Օրինակ, մեքենաների ապակիները մգեցնելու արգելքի դեմ բողոքի իմաստը ո՞րն է: Հասկանալի է, իհարկե, օրենքը հավասարապես պետք է տարածվի բոլորի վրա, և չպետք է ապակիներ մգացնեն նաև թանկարժեք մեքենաներ քշողները, դա ընդունելի է: Բայց ինձ այլ հարց է հետաքրքրում՝ ինչու՞ ընդհանրապես որևէ մեկը պետք է իր մեքենայի վրա մուգ ապակիներ ունենա: Գոնե մարդիկ հասկանու՞մ են դրա իմաստը, նշանակությունը: Մուգ ապակիների առկայությունը տրամաբանական է երկրի նախագահի, վարչապետի, մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների վրա՝ զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Նաև երևի թե տրամաբանական կլինի, որ մգեցված ապակիներով մեքենաներով շրջեն հատուկ ծառայությունների ու ոստիկանության հատուկ բաժինների որոշ աշխատակիցներ՝ ելնելով իրենց աշխատանքի բնույթից: Իսկ մնացածները՞…

Տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակությունը դետեկտիվ ֆիլմերի և մարտաֆիլմերի ազդեցության տակ է մնացել, բոլորը ուզում են խորհրդարվոր երևալ, իսկ երբ օրենքը դա արգելում է, բողոքում են: Դե իհարկե, հասկանալի է, որ մգեցված ապակիներով հարմար է ղեկին ծխելը, բջջային հեռախոսով խոսելը, ամրագոտի չկապելը, իսկ հիմա նույն մարդիկ ստիպված կլինեն արդեն հրաժարվել վերընշված սովորույթներից, ինչը արդեն իսկ դրական կլինի՝ անվտանգության առումով: Եվ ոչ միայն անվտանգության, կարգուկանոն պահելն ընդհանրապես վատ բան չէ, և իհարկե՝ դա պետք է վերաբերվի բոլորին, մանավանդ՝ թանկարժեք մեքենաների վարորդներին:

Իսկ նրանց, ովքեր դեռ գտնում են, որ մգեցված ապակիներով մեքենա քշելը դա «լավտղություն» է, պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ոչ, հարգելիներս, դա ընդամենը չտեսություն է, ուրիշ ոչինչ: Եվ պետք չէ բողոքել հանուն այդ չտեսության:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *