Ընդդիմամոլությունն ու սահմանադրական բարեփոխումները

constitution
Նորմալ է ու նույնիսկ լավ է, որ շատերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Բայց հարցը նրանում է, որ դեմ լինողներից շատերն էլ դեմ են ոչ թե գաղափարապես, այլ ընդամենը նրա համար, որ փոփոխություններ առաջարկողը Սերժ Սարգսյանն է, իսկ սահմանադրությունը ոմանց միգուցե այդքան էլ չի հետաքրքրում: Օրինակ եթե նույն բարեփոխումները առաջարկեր ասենք ԼՏՊ-ն կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, կամ ԲՀԿ-ն կամ մեկ այլ քաղաքական ուժ, չի բացառվում, որ նույն դեմ լինողների մի մասը, որոնք վերոհիշյալ անձանց երկրպագուներից են, լավ էլ կողմ լիներ: Այսինքն, խնդիրը այստեղ ուղղակի ընդդիմանալու մոլուցքի մեջ է, ինչը ընդդիմամոլության դրսևորում է ու այդպիսի դրսևորման մեջ գաղափար փնտրելն անիմաստ է:

Այն, որ այս նոր բարձրացող՝ բողոքի ալիքը շատերի դեպքում ուղղակի ընդդիմանալու մոլուցքի դրսևորում է, երևում է նաև ոմանց կողմից՝ մոլագարին բնորոշ անհանդուրժող մենակաբանություններից ու հարձակումներից: Սոցիալական ցանցերում, ինչպես արդեն ընդունված է, սկսվել է պիտակավորման գործընթացը: Ինչպես միշտ՝ կան անհանդուրժող ծայրահեղականներ, որոնք բոլոր նրանց, ովքեր ուղղակի գաղափարապես կողմ են սահմանադրական բարեփոխումներին, սկսում են էժանագին ձևով պիտակավորել ու վիրավորել: Այսինքն, ստացվում է, որ հնարավոր չէ, որ մարդը ուղղակի կողմ լինի այդ երևույթին, որ դրա համար պարտադիր պետք է լինել «ռեժիմի ստրուկ», «ծախված», «դավաճան», «ԿԳԲ-ի ագենտ», «սերժամոլ», «պուտինալեզ» և այլն: Քիչ է մնում, որ ոմանք ուղղակի հայտարարեն, թե ով կողմ է սահմանադրական բարեփոխումներին՝ հայ չէ…

Ասածս, իհարկե, նորություն չէ, և ադեկվատ մարդիկ նույնիսկ արդեն այնքան են ընտելացել այդպիսի մոլագարական դրսևորումներին, թշնամանքին ու ատելությանը, որ արդեն դրանց նույնիսկ հումորով են վերաբերվում՝ առանձնապես բանի տեղ չդնելով: Դրա համար ընդդիմամոլները իրենց մոլուցքին և մարդկանց վիրավորելու ու պիտակավորելու ցանկությանը հագուրդ տալու համար պետք է արդեն ավելի նոր մեթոդներ մտածեն, պետք է հասկանան, որ այսօր իրենք ընդամենը ծիծաղի առարկայի կարգավիճակում են:

Իսկ սահմանադրական բարեփոխումներին զուտ գաղափարապես թե կողմ, և թե դեմ լինելը իսկապես որ հնարավոր է, հավատացեք: Եվ դրա համար պարտադիր չէ որևէ կողմին ծախված լինել:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *