«Ազգընտիրների» անմեղսունակ կեցվածքը և պայքարի կուլմինացիան. ինչպիսի՞ն կլինի լուծումը

63170
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը թեպետ կարծես թե մոտենում է իր կուլմինացիոն կետին, սակայն դեռ շատ բաներ պարզ չեն: Նախ դեռ հասկանալի չէ, թե ինչի կհանգեցնեն նստացույցերն ու երթերը, ինչպիսի արձագանք կտան դրանց իշխանությունները: Սակայն մի բան արդեն տեսանելի է՝ իշխանություններն իրենց անզորությունը Ռուսաստանի ներկայացուցչի հանդեպ արդեն իսկ չեն էլ կարողանում թաքցնել: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, գեներալ-պատգամավորներ դեմքներին տալով անմեղսունակի արտահայտություն՝ ասում են, թե իբրև իրենք էլ են շատ նեղվում այդ թանկացումից, որ իրենց վրա էլ է դա բեռ: Նախ պետք է ասեմ, որ իրենք ընդհանրապես չեն նեղվում, որովհետև իրենցից շատերի ունեցվածքը կարող է մի քանի անգամ ավելին լինել, քան ՀԷՑ-ի պարտքը, ամսական եկամուտներն էլ կարող են մի քանի անգամ ավելի լինել Բիբինի աշխատավարձից: Եվ հետո՝ եթե նրանք իրոք այդպես նեղվում են, ապա ի՞նչն է խանգարում ուղղակի համարձակություն ունենալ ու ամբողջությամբ մերժել տալ ՀԷՑ-ի հայցը, որը կասկած չկա, որ բացարձակապես անհիմն է: Այսինքն, կամ մենք գործ ունենք անզոր ու վախկոտ պաշտոնյաների, պատգամավորների հետ, կամ էլ «ազգիս ընտրյալներից» ոմանք իրենց շահն ունեն թանկացման մեջ, դրա համար էլ անմեղսունակի կեցվածք են ընդունում:

Բայց միայն կեցվածքով չի ավարտվում մեր «ազգընտիրների» դժբախտությունը: Նրանք ունեն ևս մեկ՝ ավելի լուրջ խնդիր, որը իրենց թշնամիներից է. դա իրենց լեզուն է, իրենց խոսել չիմանալու, անհոդաբաշխ մտքեր երկնելու, բարդ համաստորադասական նախադասություններով մարդու ուղեղը բռնության ենթարկելու արվեստը: Եվ ես համոզված եմ, որ իրենք էլ հասկանում են, որ իրենց խոսելն աշխատում է միայն իրենց դեմ, բայց միևնույն է՝ դասեր չեն քաղում և շարունակում են նույն՝ ինքնավարկաբեկման ոճով: Չէ՞ որ բանաձևը շատ պարզ է՝ եթե մարդու ասած ամեն 2 բառից 3-ը «բլթ» են, ապա այդ մարդիկ ավելի լավ է ուղղակի լռեն: Միևնույն է՝ նրանք ոչինչ չեն կարող անել, նրչանք չունեն վստահություն, նրանք անզոր են: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում ուղղակի լռելը և լրացուցիչ անգամ ծաղրի առարկա չդառնալը: Բայց, ինչպես տեսնում ենք, «ազգընտիրները» համառորեն շարունակում են իրենց գերինտելեկտուալ մեկնաբանությունները տալ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Սակայն ժամանակն է սթափվելու, որովհետև բողոքի ալիքը հասունանում է, և խնդրին ի վերջո պետք է որևէ լուծում տալ, հակառակ դեպքում իշխանությունների համար արդյունքը կլինի վարկանիշի ամբողջական անկումը, իսկ առջևում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, ապա՝ 2017-ի ընտրությունները, որոնք իշխանությունների համար շատ կարևոր են:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *