Իշխանությունների «բարոյական հաղթանակը»՝ հանուն «ծովից ծով» Ռուսաստանի

10427229_806864565998935_3382139500075890302_n
Իսկ ես գիտեի, թե մեր իշխանությունները հզոր են, դեմները խաղ չկա… Բայց վերջին օրերի իրադարձություններից հետո սկսեցի կասկածել. ուրեմն այդքան էլ հզոր չեն, կամ էլ մի տարբերակ էլ կա՝ իրենք հզոր են, բայց Բիբինն իրենցից ավելի հզոր է: Իրենք հանդիպեցին Բիբինի հետ, ջղայնացան Բիբինի վրա, սուր հարցեր տվեցին, ասում են՝ քննադատեցին, նույնիսկ՝ նեղը քցեցին, նույնիսկ շատ նեղեցին, բայց վերջում միևնույն է՝ պարտվեցին և 10 միլիոն դրամանոց մեքենայով ման եկող Ռոբերտ Նազարյանը հայտարարեց իրենց «ձեռքբերման» մասին. էլեկտրաէներգիան կթանկանա ընդամենը 7 դրամով: Եվ այդ 7 դրամի համար իբրև թե օբյեկտիվ պատճառներ կան, հիմնավորումներ կան, ու համոզված եմ՝ նրանցից ում էլ հարցնենք՝ ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ կտան՝ մի քանի ապուշ տերմիններով համեմված:

Իսկ հիմա ես առաջարկում եմ ամբողջ այդ տնտեսագիտական հիմար տերմինաբանությունը նետել զուգարանակոնքը (ունիտազը) և խոսել պարզ լեզվով: Իսկ պարզը այն է, որ մենք ատոմակայան ունեցող, էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք, հետևաբար մեզ մոտ էներգիան պետք է լինի ամենաէժանը: Այնինչ, բազմաթիվ այլ երկրներում այն շատ ավելի էժան է, իսկ մեզ մոտ ամենաթանկն է: Եթե ոմանք արդարացնեն նրանով, որ ՀԷՑ-ը մերը չի, այլ ռուսներինն է, ապա ստացվում է, որ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող ռուսները մեզ՝ իրենց դաշնակցին, ավելի թանկ են վաճառում, քան ոչ դաշնակիցներին: Շատ տարօրինակ դաշինք է, չէ՞:

Այսինքն, պարզից էլ պարզ է, որ նույնիսկ 1 լումա թանկացման համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չի կարող լինել, և այդ բոլոր՝ արդարացնող տնտեսագիտական վերլուծությունների տեղը զուգարանակոնքերում է: Տարադրամի փոխարժեքի տատանումներից իբրև թե վնասի մասին ծիծաղելի արդարացումն էլ Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է. չէ՞ որ մենք դրամով ենք գնում այդ էլեկտրաէներգիան, այսինքն՝ այդ փոխարժեքի տատանումներից ՀԷՑ-ը միայն պետք է շահի: Իսկ եթե այդ տատանումներից վնաս կա նույնիսկ (ինչը, սակայն, անհավանական է), ապա նույն տրամաբանությամբ ՀՀ կառավարությունն առնվազն 2 անգամ պետք է բարձրացնի մեր աշխատավարձերը, որովհետև այդ տատանումներից մենք էլ ենք վնաս կրում: Տրամաբանական եմ չէ՞ ասում… Դե բարձրացրեք մեր աշխատավարձերը, ով հզորներ…

Վերադառնանք հզորներին՝ մեր հզոր իշխանություններին և փաստորեն նրանցից ավելի հզոր Բիբինին: Իմ կարծիքով, մենք ականատես եղանք հերթական «բարոյական հաղթանակին»: Այսինքն, Բիբինը հասավ իր ուզածին, էլեկտրաէներգիան թանկացավ, բայց դե մեր իշխանավորներն էլ նրան ոնց պետք է՝ նեղը գցեցին, խեղճացրեցին, ցույց տվեցին նրան, թե որտեղ են ձմեռում խեցգետինները: Ու հետո՞ ինչ, թե Բիբինի ասածը եղավ, կարևորը, որ մենք բարոյապես հաղթեցինք…

Այ այսպես բարոյապես հաղթելով էլ շարժվում ենք առաջ ու երազում «ծովից ծով Հայաստանի» մասին, բայց չգիտես ինչու՝ շարունակում ենք արտագաղթող բնակչություն ապահովել իսկապես որ «ծովից ծով» Ռուսաստանի համար:

Հ.Գ. Մի բան էլ ասեմ թեմայից դուրս՝ հարգելի հզոր իշխանավորներ, իսկ Ռոբերտ Նազարյանը չի՞ կարող 10 միլիոն դրամանոց ավտոմքենայի փոխարեն շրջել ընդամենը 1 միլիոն դրամանոց ավտոմքենայով՝ օրինակ 1998թ. արտադրության «Օպել Աստրա»-ով: Ինձ թվում է՝ իրեն կսազի…

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *