Որոշ դեսպաններին խրախուսելու, իսկ որոշներին՝ փոխելու ժամանակն է

timthumb

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի ընդունման շուրջ կրքերը կարծես թե դեռ չեն ուզում մարել, չնայած որ բոլորս էլ գիտենք, որ ԵԽԽՎ-ի որոշումներն իրավական ուժ չունեն, դրանք ավելի շատ առաջարկության բնույթ ունեն:

Այսինքն, եթե ԵԽԽՎ-ն մի բան որոշեց, դա դեռ չի նշանակում, որ մենք պարտավոր ենք կատարել: Այս առումով, իհարկե, մի տեսակ գերագնահատվեց ԵԽԽՎ-ի նշանակությունը, նաև այդ բանաձևերի դերը: Սակայն, բանաձևերի քվեարկության արդյունքներն, ըստ իս, մեկ այլ՝ ավելի կարևոր բան ցույց տվեցին մեզ, ինչից, կարծում եմ, մեր իշխանություններն առնվազն հետևություններ պետք է անեն, և ինչու ոչ՝ նաև կոնկրետ գործողություններ: Խոսքս տարբեր պետություններում ՀՀ դեսպանների աշխատանքի որակի և արդյունավետության մասին է:

Այո, մի քանի պետությունների բոլոր ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում քվերակել էին հոգուտ Ադրբեջանի, և առաջին հայացքից շատ հեշտ է այդ պետությունների իշխանություններին միանշանակ հակահայկական բնույթ վերագրելը: Սակայն, օբյեկտիվորեն պետք է ընդունենք նաև, որ հարցը միայն դրա մեջ չէ, մենք ունենք մեղավորության մեր բաժինը և ոչ պակաս կարևոր դեր կարող է խաղացած լինել մեր դեսպանների տարած աշխատանքը այդ երկրներում:

Այսինքն, խնդիրը նաև նրանում է, որ Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների հետ ներ դեսպանները, դիվանագետները պարզապես աշխատանք չեն տարել, կամ էլ նրանց տարած աշխատանքը անարդյունավետ է եղել:

Օրինակ, ես չեմ կարծում, թե հատկապես մեր հարևան Վրաստանի ներկայացուցիչների հետ հնարավոր չէր այնպիսի արդյունավետություն ունեցող աշխատանք տանել, որ նրանց գոնե մի մասը քվեարկեին մեր օգտին: Սա իմ կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ Վրաստանում ՀՀ դեսպանի և դեսպանատան աշխատանքը չի արդարացնում մեր սպասելիքները, և մեր իշխանություններն առնվազն պետք է նկատած լինեն դա:

Մյուս կողմից՝ մենք տեսանք, թե ինչպես ամբողջությամբ մեր օգտին քվեարկեցին, օրինակ, մերձբալթյան երկրների ներկայացուցիչները:

Կարծում եմ, այդ երկրներում մեր դիվանագիտական կառույցների աշխատանքն այստեղ իր դերը խաղացել է և արդյունավետությունն ակնհայտ է: Սա նույնպես, իմ կարծիքով, չպետք է վրիպի իշխանությունների աչքից:

Կարծես թե` որոշ դեսպաններին խրախուսելու, իսկ որոշներին՝ փոխելու ժամանակն է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *