«Եվրատեսիլի» քաղաքական մեսիջները

timthumbՆախկինում էլ ասել եմ, որ ըստ իս՝ մեզ համար ամենաճիշտն այդ ամենաքաղաքականացված միջոցառմանը չմասնակցելն է, բայց քանի որ, այնուամենայնիվ, մասնակցեցինք ու հերթական անգամ համոզվեցինք Եվրատեսիլի՝ գերքաղաքականացված լինելու մեջ, ապա փորձենք ընդամենը հասկանալ, թե ինչ ազդակներ հղեցին պետությունները միմյանց մշակույթի հետ իրականում կապ չունեցող այս միջոցառման միջոցով:

Ընդհանրապես պետք է ասել, որ «Եվրատեսիլն», այնուամենայնիվ, ունի մի կարևոր նշանակություն, դա այն է, որ այդտեղ պետությունները միմյանց մեսիջներ են հղում, փորձում են իրար ինչ-որ բան հասկացնել, մանավանդ այս տարի դա առավել ընդգծված էր, քանի որ բացի հանդիսատեսի քվեարկությունից, կար նաև յուրաքանչյուր երկրի ժյուրիի որոշումը:

Նախ տեսնենք, թե ի՞նչ տվեցինք ու ի՞նչ ստացանք մենք. Ռուսաստանին մենք ակնհայտորեն ցույց տվեցինք մեր դժգոհությունը՝ 12-ի փոխարեն նրանց տալով ընդամենը 2 միավոր: Դժգոհությունն էլ, բնական է, կապված է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Ռուսաստանը դա շատ լավ հասկացավ, ավելին՝ մինչ այդ էր հասկացել և մեր 2 միավորին 12 միավորով պատասխանելով փորձեց ինչ-որ տեղ մեղմել մեր դժգոհությունը՝ կարծես թե ասելով «ничего личного, только бизнес»: Փաստորեն, ստացվեց` Ադրբեջանին ավելի շատ զենք, մեզ` ավելի շատ միավոր, այնինչ անձամբ ես կուզեի, որ լիներ հակառակը` մեզ` շատ զենք, Ադրբեջանին` բարձր միավոր:

Ռուսաստանի փոխարեն 12 միավորը մենք նվիրեցինք Ֆրանսիային, սակայն Ֆրանսիան դա, մեղմ ասած, չգնահատեց և իրենց ժյուրին պատասխանեց մեզ ընդամենը 2 միավորով, չնայած որ ֆրանսիացի հեռուստադիտողները մեզ տվել էին 12 միավոր: Փաստորեն, Ֆրանսիան դժգոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից: Զարմանալի կլիներ, որ որպես Մինսկի խմբի անդամ ու համանախագահող երկիր գոհ լիներ, մանավանդ որ Հայաստանի իշխանությունները վերջերս սկսեցին ակնարկել Արցախի անկախությունն ընդունելու հավանականության մասին:

Հետաքրքիր էր Վրաստանի ժյուրիի դիրքորոշումը: Վրաստանը, կարելի է ասել, հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքին՝ չեզոքության պահպանմանը: Վերջերս Վրաստանի իշխանությունները հասկացնում են, որ արցախյան հարցում իրենք ուզում են չեզոք դիրք գրավել, չխառնվել, չփչացնել հարաբերությունները ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ: Այդպես էլ եղավ՝ Վրաստանի ժյուրին ոչ մեզ միավոր պարգևեց, ոչ էլ մեր ոչ բարով հարևաններին, չնայած որ Վրաստանի հեռուստադիտողը նույնպես մեզ 12 միավոր էր տվել:

Ադրբեջանն ընդհանրապես անմխիթար վիճակում հայտնվեց և մասնավորապես եվրոպական երկրների կողմից գրեթե միավոր չստացավ: Կարծում եմ՝ ոչ ոքի համար նորություն չէ, Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, բռնությունների, ժողովրդավարական տարբեր սկզբունքների խախտումների մեծաքանակ դեպքերը հատկապես վերջին տարում ինչպիսի դժգոհություններ էին առաջացրել ԵՄ անդամ երկրների մոտ, մինչև անգամ պատժամիջոցների հարց է քննարկվել: Սա այդ վերաբերմունքի հստակ արտահայտությունն էր:

Եվ եզրափակեմ հաղթողի ընտրության հանգամանքով. պարզից էլ պարզ էր Ուկրաինային, այն էլ՝ թուրքական մոտիվներով և Ղրիմի թեմայով երգին, հաղթանակ շնորհելը ընդամենն ապտակ էր Ռուսաստանին, ոչ ավելին:

Այսքանը այս միջոցառման մասին: Կցանկանայի, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում մեր ողջամտության տոկոսայնությունը բարձրանար և 2017-ին մենք պարզապես հրաժարվեինք «Եվրատեսիլին» մասնակցելուց, բայց իրատեսակա՞ն է արդյոք նման ցանկությունը. չգիտեմ…

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *