Լավ են արել հանդիպել են…

arm143097502170
Որևէ մեկը Հայաստանի իշխանավորներից, պաշտոնյաներից համարձակվե՞ց բացատրություն պահանջել Վրաստանից, երբ հայերի ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ԱՄՆ-ի գաղութ դարձած ու ԱՄՆ-ի կամակատար, Թուրքիային ու Ադրբեջանին ամեն գնով սիրաշահող, սակայն մեր հարևանը և «դարավոր բարեկամը» հանդիսացող Վրաստանը ընդամենը մի խղճուկ պատվիրակություն ուղարկեց՝ իրենց ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ, չմոռանալով իրենց պաշտպանության նախարարին անպայման ուղարկել Գալիպոլիի միջոցառմանը: Ոչ ոք բացատրություն չպահանջեց, որովհետև չհամարձակվեց: Կամ երբ նույն մեր «դարավոր բարեկամը» բազմիցս կողմ է քվեարկել Ադրբեջանի բերած հակահայկական բանաձևերին, որևէ մեկը Վրաստանից բացատրություն պահանջե՞լ է: Կրկին ոչ, որովհետև դրա համար համարձակություն է պետք:
Դրա փոխարեն երևի եղել են արդարացումներ, թե Վրաստանի պետական շահն է այդպես պահանջում: Իսկ ներողություն, մենք պետական շահ չունե՞նք, մեր պետական շահը չի կարո՞ղ պահանջել թեկուզև պաշտոնական հանդիպում Օսեթիայի պաշտոնյայի հետ, հարաբերությունների հաստատում: Կարող է չէ՞: Բա այդ դեպքում ինչու՞ եք բերաններդ ջուր առել ու լռում, հարգելի իշխանավորներ, ինչու՞ եք այդքան վախեցած…
Դե բնական է, եթե դուք վախեցած եք, Վրաստանն էլ օգտվելով դրանից՝ մեզ կսպառնա: Հասկացանք, դիվանագիտություն եք խաղում, խաղեր եք տալիս, բայց մի՞թե հնարավոր չէ այդ դիվանագիտական խաղերը տալ ոչ այդքան ստորանալու հաշվին: Չէ՞ որ դրանով պետությունն է ստորանում, իսկ պետությունը նաև սովորական քաղաքացիներն են, որոնք, ի դեպ, պարտավոր չեն ստորանալ՝ ինչ է թե դուք Վրաստանի առաջին իսկ սպառնալիքից միանգամից խառնվեցիք իրար, սկսեցիք մեղանչելը, այն աստիճան խառնվեցիք, որ նույնիսկ չկարողացաք հավաքվել, խելք-խելքի տալ և Վրաստանին տալ մի այնպիսի համարժեք ու նաև մտածված և թեկուզ դիվանագիտական պատասխան, որը համ վրացիների բերանը կփակեր, մեզ համար ավելի պատվաբեր կլիներ, համ էլ չէր վնասի Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Միայն թե մի ասեք, թե նման պատասխան հնարավոր չէր գտնել: Եթե հնարավոր չէր, ուրեմն դուք լավ մասնագետներ չեք, պարոնայք, դիվանագետ չեք, ուրեմն չեք տիրապետում իրավիճակին:

Դե իսկ ուկրաինա-վրացա-ամերիկասեր լրատվամիջոցների ու բլոգեր-մեկնաբան-հրապարակախոսների ոգևորության մասին էլ չեմ խոսում՝ «մե խինդ, մե ուրախություն…»: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ավելի շահագրգռված են Վրաստանի շահերը պաշտպանել, քան սեփական երկրի: Ուկրաինասիրության ալիքը քիչ էր, հիմա էլ վրացասիրության ալիք սկսվեց…

Վերջում որպես ոչ պաշտոնատար անձ, կարծում եմ, իրավունք ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը և մոտեցումն այս հարցի շուրջ արտահայտելու ընդամենը մեկ նախադասությամբ՝ լավ են արել հանդիպել են, ուրեմն մեր շահերն այդպես էին պահանջում:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *