Կառավարությունն առաջարկում է, որ ես երեխաներիս հետ հաճախեմ կազինո՞

hamalir2

Իսկ կազինոյի հարցը այդպես էլ փաստորեն անցկացրեցին ու Կառավարությունն այդպես էլ ոչ մի բացատրություն չտվեց: Այո, կազինոյի, այլ ոչ թե Մարզահամերգային համալիրի վաճառքի, որովհետև վաճառքը նորմալ գործընթաց է, և ես համոզված եմ, որ վաճառքի դեմ արտահայտվածների ճնշող մեծամասնությունը դեմ չէր լինի, եթե չլիներ կազինոյի հարցը: Այո, լավ է, որ չգործող հաստատությունը կսկսի գործել, լավ է, որ այնտեղ լինելու է ընտանեկան ժամանցի կենտրոն, բայց հարգելի Կառավարություն, այդ նախագծին համաձայնություն տալուց դուք գոնե ինքներդ ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչ գործ ունի ընտանեկան ժամանցի կենտրոնում խաղատունը: Այսինքն, սա ընտանեկան խաղատուն է՞…

Ընտանեկան ժամանցի կենտրոն ասելով օրինակ ես հասկանում եմ, որ ես կարող եմ հաճախել տվյալ վայր կնոջս և երեխաներիս հետ և մենք ընտանիքով ժամանակ կանցկացնենք: Իսկ այս դեպքում ի՞նչ են առաջարկում մեր սիրելի Կառավարությունն ու Մարզահամերգային համալիրի գնորդները՝ որ ես երեխաներիս հետ հաճախեմ կազինո՞, ընտանեկան կազինո՞…

Վերջին օրերի ընթացքում Կառավարության հետ համագործակցող մեկնաբաններն ու բլոգերները հանդես եկան հոդվածներով, որտեղ պարզաբանում տվեցին կառավարության այս գործարքի վերաբերյալ և մանրամասն նշեցին գործարքի բոլոր դրական կողմերը: Եվ շատ լավ պարզաբանեցին, բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չհասկացավ, որ դեմ լինողների մեծ մասն իրականում դեմ չեն այդ գործարքին, այլ ընդամենը դեմ են, որ մայրաքաղաքում գործի խաղատուն, այն էլ՝ ընտանեկան խաղատուն: Եվ այս հարցը Կառավարության հետ համագործակցող բոլոր մեկնաբանների կողմից հմտորեն շրջանցվեց:

Ես ակնկալում եմ, որ Կառավարության ներկայացուցիչները կամ էլ նրանց հետ համագործակցող մեկնաբանները հանդես կգան պարզաբանումով՝ կոնկրետ խաղատան մասով: Գործարքի մնացած կետերի մասով ես ինքս առարկություն չունեմ: Իսկ Կառավարությանը կառաջարկեմ, որ վերանայի գործարքը և գնորդից պահանջի, որ նախագծից դուրս հանի խաղատան կառուցելն ընդհանրապես, արգելի խաղատան կառուցումը, քանի որ խաղատունը դա մի վայր է, որտեղ պղծվում է մարդու արժեհամակարգը, որտեղ մարդկային ճակատագրեր են խորտակվում, այնինչ մեր Կառավարությունը հաճախ է սիրում խոսել հայրենասիրությունից, երբեմն էլ՝ ռազմահայրենասիրությունից, ինչպես նաև մարդկանց բարոյահոգեբանականից: Եվ այս ամենը ամենեևին էլ համատեղելի չեն կազինոյի հետ: Ինձ թվում է՝ Կառավարության անդամները գոնե ներքուստ հետս կհամաձայնվեն:

Կարեն Վարդանյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *