Կառավարությունը լավություն է անում… հարուստներին

timthumb

Ինձ երբեմն ուղղակի ապշեցնում է, թե որքան է մեր կառավարությունը փորձում օգնել մարդկանց, ամեն ինչ անել, որպեսզի ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեն քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան լուծել իրենց բոլոր խնդիրները, այդ թվում՝ բնակարանային հարցը: Մի տեսեք, թե ինչպիսի իդեալական պայմաններ է ստեղծել երիտասարդ զույգերի համար մեր կառավարությունը: Օրինակ՝ օրերս գործադիրը փոփոխություններ է կատարել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս՝ մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով: Այսինքն՝ ասում են, թե արդեն ավելի շատ ընտանիքներ կարող են օգտվել այդ ծրագրից, քանի որ վարկի չափը 16 միլիոն դրամի փոխարեն սահմանվեց 25 միլիոն դրամ, իսկ ամուսինների հանրագումարային տարիքը՝ 65 տարի:

Բայց ես, միևնույն է, չէի ասի, թե այսուհետ ավելի շատ սովորական ընտանիքներ կօգտվեն ծրագրից, այլ հարց է, եթե ձևակերպենք այսպես՝ հարուստ ընտանիքներից ավելի շատերն այսուհետ կօգտվեն այդ ծրագրից: Այո, հենց հարուստ ընտանիքներից, որովհետև այդ ծրագրում լուծված չէ ամենակարևոր խնդիրը՝ կանխավճարը հանված չէ, ընդամենը նվազեցված է մինչև 10 տոկոս այն դեպքում, երբ ձեռք բերվող անշարժ գույքի արժեքը չի անցնի 18,5 միլիոն դրամից: Այսինքն՝ եթե երիտասարդ զույգը ծրագրով ուզում է ձեռք բերել մինչև 18,5 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, օրինակ 16 միլիոնով, նա պետք է ամեն դեպքում վճարի 1 միլիոն 600 հազար դրամ կանխավճար:

Հիմա ասեք տեսնեմ, թե ինչպե՞ս Հայաստանի նման երկրում սովորական միջին ապրող ընտանիքը, որտեղ օրինակ ամուսինները միասին կարող են ունենալ ամսեկան մոտ 200-400 հազար դրամ եկամուտ և այդ գումարը բավական է ընդամենը կենցաղային կարիքները հոգալու համար (առանց ճոխությունների), կարող է 1 ու կես միլիոն դրամի չափ կանխավճար տալ: Միանշանակ, չի կարող: Այդ չափի կանխավճար կարող է տալ անհամեմատ, գուցե մի քանի անգամ ավելի մեծ եկամուտներ ունեցող ընտանիքը, իսկ դա արդեն չի լինի միջին ապրող ընտանիք:

Ստացվում է, որ կառավարության ծրագիրը միայն հարուստների համար է, և կառավարությունը իր այս փոփոխություններով հերթական անգամ օգնեց, լավություն արեց… հարուստներին:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *