Տպավորություն է ստեղծվում, որ դուք ավելի շատ՝ ռուսական ընկերության կառավարությունն եք

1
«Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից». այս խոսքերը ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանինն են, որոնք նա ասել է 3 օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այն, որ Երվանդ Զախարյանից ոչինչ կախված չէ, այդ մտքի դեռ կարելի է համակերպվել՝ հաշվի առնելով, որ եթե ինչ-որ բան կախված լիներ էլ, միևնույն է՝ դժվար թե այս պաշտոնյան կարողանար որևէ պիտանի բան անել իր ժողովրդի համար, ճիշտ այնպես, ինչպես որ որևէ պիտանի բան չարեց քաղաքապետ եղած տարիներին:

Այն, որ ընդհանուր առմամբ կառավարությունից կախված չէ էլեկտրաէներգիայի թանկացումը, դա էլ նորություն չէ, բայց այ այդ մեկի հետ չի ստացվում որևէ կերպ համակերպվելը: Վերջապես ինչու՞ մեր կառավարությունը պետք է լինի այդքան թույլ և անկարող, որ չկարողանա ինչ-որ մի ռուսական ընկերության դեմն առնել, էլ սանձերը ձգելու մասին չեմ էլ խոսում: Լավ, հարգելի կառավարություն, իսկ ի՞նչն է, որ ձեզանից է կախված: Փաստորեն, մեր երկրում ցանկացած օտար ընկերություն կարող է հաստատվել, ծաղկել, բարգավաճել և իրեն այնքան լավ զգալ, որ նույնիսկ իր պայմանները թելադրել, և դուք պետք է ընդունեք ցանկացած պայման, ինչ է թե բավարարեք օտարի քմահաճու՞յքը: Իսկ ձեր ժողովրդի քմահաճույքը չէ, այլ ընդամենը կամքը, կարծիքը ո՞վ է հաշվի առնելու…

Ռուսական ընկերությունն ասեց, թե վնասով է աշխատում՝ միանգամից խառնվեցիք իրար: Նախ, գիտության ու տեխնիկայի այսպիսի առաջընթացի դարում դժվար է արդեն հեքիաթների հավատալը, և ողջամիտ մարդը չի կարող հավատալ, որ նման խոշոր ընկիերությունը կարող է աշխատել վնասով: Չեմ հավատում, կներեք: Բայց եթե նույնիսկ վնասով աշխատեր՝ մեզ ի՞նչ: Իսկ որ երկրի բնակչությունն է լուրջ վնաս կրում էլեկտրաէներգիայի թանկացումից՝ այդ վնասն ո՞վ պետք է փախհատուցի, ու՞մ է դա հետաքրքրում: Իհարկե, ոչ ձեզ, քանի որ ձեզ մտահոգում է միայն ռուսական ընկերության վնասը: Տպավորություն է ստեղծվում, որ դուք ավելի շատ՝ ռուսական ընկերության կառավարությունն եք:

Գիտեմ, հիմա կասեք, թե 105 հազար անապահով ընտանիքի համար կմեղմվեն թանկացման հետևանքները, բայց ախր Հայաստանը միայն այդ 105 հազար ընտանիքը չեն: Բա մնացաները՞… Իսկ ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք սովորական աշխատող ու աշխատավարձով ապրող մարդիկ են և չեն մտնում այդ «անապահով» ձևակերպման տակ: Հիմա ի՞նչ, նրանց էլ պետք է անապահով դարձնեք, որ հետո նոր սկսեք նրանք օգնելու մասին մտածե՞լ:

Հարգելի կառավարություն, հիշեք էլի մեկ-մեկ, որ դուք ՀՀ կառավարություն եք, և ձեր համար առաջնայինը պետք է լինի ՀՀ բնակչությունը, այլ ոչ թե ինչ-որ ռուսական ընկերություն:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *