Հյուրանոցացավ

12448_b

Հայաստանում գեղեցիկ շենքեր շատ են կառուցվում: Կարելի է կողքներով անցնել, նայել, էսթետիկական հաճույք ստանալ և անցնել գնալ: Այո, անցնել գնալ, որովհետև այդ գեղեցիկ ու թանկարժեք շենքերը միայն նայելու համար են, այլ ոչ վայելելու: Չէ, վայելողներ էլ լինում են, իհարկե, բայց հավատացեք՝ դա մենք չենք, դա մեր գրպանի համար չէ:

Հիմա որ նայենք՝ ինչ հյուրանոց ասես չունենք, մեկը մեկից շքեղ, մեկը մեկին թանկ՝ սկսած ծառուկյանական 150 միլիոն դոլարանոց հյուրանոցներից մինչև «հայաթներ» ու «հիլթոններ»: Եվ դեռ էլի են ուզում սարքել… Լավ են անում, թող սարքեն, բայց մեկումեջ էլ կարելի է այնպիսի բաներ սարքել, որոնցից սովորական բնակիչն էլ կօգտվի, թե չէ սովորական քաղաքացին այստեղ միայն նայողի դերում է, լավագույն դեպքում պետք է նայի, թե ինչպես են այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկները կարողանում հանգստանալ և ևս մեկ անգամ ցավով հիշի, որ ինքը նույնիսկ չգիտի էլ, թե ամռանը հանգստանալու գնալն ինչ բան է, քանի որ աշխատած գումարը երբեք դրան չի հերիքել: Եվ այսօր եթե նույնիսկ մայրաքաղաքի ամեն խաչմերուկի վրա մի շքեղ հյուրանոց խոյանա, դրանից հասարակ մարդկանց կենսամակարդակը չի բարձրանա, մարդիկ էլի կլինեն դիտողի դերում:

Իսկ մարդիկ չեն ուզում իրենց ամբողջ կյանքում բավարարվել միայն էսթետիկական հաճույքներով, և ահա այսպես էլ հասունանում է դժգոհությունը, որի դեմը շքեղ հյուրանոցները առնել ի զորու չեն: Այնինչ հյուրանոցների փոխարեն կամ գոնե դրանց մի մասի փոխարեն եթե կառուցվեին օրինակ գործարաններ կամ հիմնվեիր արտադրություն, գունե և դժգոհությունը նվազեր, որովհետև կստեղծվեին աշխատատեղեր, մասամբ կլուծվեր գործազրկության հարցը, երկիրը կմեծացներ սեփական արտադրանքի ծավալը, արտահանման ծավալը, իսկ տնտեսության զարգացման համար դրանք խիստ կարևոր գործոններ են:

Հիմա իհարկե ոմանք կասեն, թե հյուրանոցն էլ աշխատատեղեր է ստեղծում… Այո, որոշ աշխատատեղեր ստեղծում է, բայց արտադրություն չի տալիս, տնտեսություն չի զարգացնում: Կասեն՝ տուրիզմ է զարգացնում, դրսից մարդիկ են գալիս… Լավ են անում, թող գան, բայց նրանց բերած գումարները հիմնականում վայելում են հյուրանոցների տերերը: Հասկացանք, ինչ-որ հարկեր են գնում բյուջե, և նույնիսկ կասեն, թե այդ հարկերի հաշվին կբարձրացվեն մեր աշխատավարձերը: Իսկ ու՞ր է… Ու՞ր են այդ բարձրացումները, ե՞րբ ենք մենք բաձրացում տեսել… Ես այն 5-10 հազար դրամանոց բարձրացումները բարձրացում չեմ հաշվում, քանի որ դրանք նույնիսկ գնաճը չեն կոմպենսացնում, էլ չեմ ասում, որ դրանք միայն պետական սեկտորի համար են, իսկ մասնավոր սեկտորում նույնիսկ այդ չնչին բարձրացումները չեն կիրառվում:

Ես բնավ չեմ ասում, թե երկրում հյուրանոցներ պետք չեն: Պետք են, պարզապես մեր իշխանավորներն ու գործարարները հյուրանոցացավ կպնելուց առաջ պետք է ի վերջո կարողանան տարբերակել առաջնահերթը ոչ առաջնահերթից: Եթե երկիրի բնակչությունն ունի սոցիալական խնդիրներ, կա գործազրկություն, ուրեմն նախևառաջ արտադրություն է պետք, շատ աշխատատեղեր են պետք, նախևառաջ պետք է բնակչության կենսամակարդակը հասցնել գոնե այն աստիճանի, որ ամենահասարակ քաղաքացին կարողանա իրեն թույլ տալ տարին գոնե մեկ անգամ էլ ինքը գնա հանգստանալու: Այ երբ որ այդ մակարդակին հասցնեք՝ նոր խնդրեմ, որքան ուզում եք՝ հյուրանոցներ կառուցեք, կուզեք՝ իսկապես ամեն խաչմերուկում մի հատ կկառուցեք, կուզեք՝ ամեն երկու շենքի արանքում մի հատ կկառուցեք:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *