Մեր լրատվական դաշտում շատ բան է պետք փոխել. «հնությունները» գերատեսչությունների կայքերում

timthumb

Օրեր առաջ «Ահա այսպես ենք ամեն օր «լացացնում մեր լրատվական դաշտի մայրիկը»» հոդվածում անդրադարձել էի մեր լրատվական դաշտի անփառունակ վիճակին՝ խոսելով լրատվական կայքերի մատուցած՝ էժանագին ու անորակ, մարդկանց մտածելակերպի վրա խիստ բացասական ազդեցություն ունեցող և դաստիրակչական առումով վնասակար նյութերի մասին, որոնցով շարունակվում են հեղեղվել մեր լրատվական կայքերը: Այժմ ուզում եմ անդրադառնալ հայկական լրատվական դաշտի տխուր վիճակին մեկ այլ կողմից, խոսքս գերատեսչությունների լրատվական ծառայությունների աշխատանքի որակի մասին է, որը մեղմ ասած՝ գոհացուցիչ չէ:

Յուրանքանչյուր պետական գերատեսչություն ունի իր պաշտոնական կայքը, որտեղ ձևականորեն կա նաև նորությունների բաժին: Ձևականորեն, որովհետև եթե գերատեսչությունների պաշտոնական կայքերի նորությունների բաժնում փորձենք փնտրել իսկապես նորություններ, ապա հիմնականում կարող ենք գտնել նախորդ օրվա լուրերը՝ տվյալ գերատեսչության աշխատանքի հետ կապված: Իսկ նույն օրվա լուրերն ավելի շուտ կարելի է գտնել լրատվական կայքերում, որոնց գերատեսչությունների լրատվականների աշխատակիցները նամակներով ուղարկում են իրենց մամլո հաղորդագրությունները: Սակայն չեմ կարողանում հասկանալ մի պարզ բան՝ իսկ ինչու՞ այդ նույն տեքստերը նույն օրը չեն հրապարակվում պաշտոնական կայքում, մի՞ թե դա այդքան ծանր աշխատանք է: Կամ եթե այդպես պետք է լինի, ապա ի՞նչ իմաստ ունի գերատեսչությունների կայքերում նորությունների բաժին պահել, եթե այնտեղ միայն հնություններ են: Միգուցե ուղղակի փոխե՞ն բաժնի անունը և դարձնեն «հնություններ» կամ ընդհանրապես հեռացնե՞ն, որպեսզի ավելորդ տեղ չզբաղեցնի:

Մեկ այլ երևույթի մասին. եթե լրատվամիջոցը կամ լրագրողը կամ այլ մեկը դիմում է տվյալ գերատեսչության լրատվական ծառայությանն՝ կոնկրետ հարցի պատասխան ստանալու ակնկալիքով, ապա ըստ ընդունված կարգի՝ նրա հարցի պատասխանը ուղարկում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, դա էլ՝ ոչ բոլոր դեպքերում: Լինում է նաև, երբ ընդհանրապես չեն ուղարկում, կամ 5 օր անց ստիպված ես լինում նորից հիշեցնել: Իսկ գերատեսչություններից որևէ մեկը չի՞ մտածում, որ 5 օր հետո այդ հարցը կարող է այլևս արդիական չլինել, և եթե լրատվամիջոցը կամ լրագրողը ուզում է նույն օրը ստանալ հարցի պատասխանը, որովհետև դրա հրապարակային քննարկման կարիքը կա նույն օրը, ինչպե՞ս պետք է դա անի: Մնում է մի տարբերակ՝ գտնել տվյալ նախարարի կամ գերատեսչության ղեկավարի բջջային հեռախոսի համարը և անձամբ զանգահարել նրան, ինչն էլ նույնպես առաջացնում է գերատեսչությունների դժգոհությունը:

Ի՞նչն է խանգարում մեր գերատեսչությունների լրատվականներին նորմալ աշխատել, ժամանակին պատասխանել հարցերին և ժամանակին թարմացնել իրենց կայքերի նյութերը: Պրոֆեսիոնալ չե՞ն, լավ կադրերի պակա՞ս ունեն, թե՞ պարզապես չեն կարողանում արդյունավետ կազմակերպել աշխատանքները: Որպես օրինակ բերեմ Կառավարությանը: ՀՀ Կառավարությունը բացի իր լրատվական ծառայության աշխատակիցներից ունի նաև իր հետ համագործակցող մի շարք քաղաքացիներ, որոնք գրանցվելով Facebook սոցիալական ցանցում՝ իրենց էջերում հոդվածներ են հրապարակում և տարածում դրանք լրատվական կայքերով: Ինչու՞ եմ այսպես վստահ ասում, որ նրանք համագործակցում են Կառավարության հետ, որովհետև դա ակնհայտ է նրանց հրապարակած նյութերից: Բանն այն է, որ վերոհիշյալ օգտատերերը իրենց էջերում հրապարակում են ոչ միայն մեկնաբանություններ, վերլուծություններ, այլ նաև զուտ պաշտոնական տեղեկատվություն վարչապետի և Կառավարության գործունեության մասին, վարչապետի հանդիպումների մասին, լուրեր, որոնք բնորոշ են պաշտոնական լրահոսին: Այսինքն, ստացվում է, որ պաշտոնականը կարող է շրջանառության մեջ դրվել անհատ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջով, իսկ Կառավարության կայքի լուրերի բաժինը մնա դատարկ և լավագույն դեպքում այսօրվա լուրը կայքում հայտնվի միայն վաղը: Ո՞րն է սրա իմաստը, պարոնայք: Եթե դուք ունեք մարդկային ռեսուրս, ընդ որում՝ բավականին խելացի մարդիկ, որոնք իրենց էջերում գրում են նաև լուրջ վերլուծություններ, ինչու՞ նրանք չեն կարող նախևառաջ կարգի բերել ձեր պաշտոնական կայքի լուրերի բաժինը: Միգուցե ամեն դեպքում փակե՞ք այդ բաժինը, լրատվական է՞լ չպահեք, միևնույն է՝ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր ձեր գործն անում են:

Իհարկե, կան նաև գերատեսչություններ, որոնց լրատվականները իրոք աշխատում են, ավելին՝ այդ լրատվականների ղեկավարներին, աշխատակիցներին ճանաչում ենք, տեսնում ենք նրանք ակտիվությունը և նույնիսկ կարողանում ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, բայց նրանք ընդամենը ամբողջի մի մասն են կազմում: Իսկ ընդհանուր վիճակը ես գոհացուցիչ չեմ կարող համարել: Առհասարակ, մեր լրատվական դաշտում, իմ կարծիքով, շատ բան է պետք փոխել, կտրուկ փոխել:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *