Ահա այսպես ենք ամեն օր «լացացնում մեր լրատվական դաշտի մայրիկը»

2310061521424372476-300x244

«Շուշաննա Թովմասյանը փոխել է մազերի գույնը», «Լիլիթ Հովհաննիսյանը մտածում է, թե ինչ գույնի ներկել իր մազերը», «Եվա Ռիվասը ֆեյբուքում գրառում է կատարել», «Հայտնիները make up-ից առաջ և հետո», «Որտե՞ղ են հանգստանում հայտնիները», «Օրը քանի՞ անգամ են զուգարան գնում հայտնիները», «Երիտասարդը բռնաբարել է 84-ամյա տատիկին», «Դանակի 96 հարվածով սպանել է կնոջը»«Օրենքով գող այսինչը Հայաստանում է»«Օրենքով գող այսինչը հանդիպել է օրենքով գող այնինչին»«Ովքե՞ր են օրենքով գողերը»«Սեքսի 10 կանոնները»«Սեքսի 11 կանոնները»«Սեքսի 12 կանոնները»«Սեքսի 13 կանոնները»«Սեքսի 14 կանոնները» և այլն… Սրանք ընդամենը վերնագրեր են, մի մասը՝ իրական ու բառացի մեջբերված, մյուս մասն էլ՝ մոտավոր ու մի քիչ չափազանցված: Եվ իհարկե կռահեցիք, թե որտեղ կարելի է հանդիպել նմանատիպ վերնագրեր. բնական է՝ հայկական լրատվական կայքերում: Իսկ սրանց էլ եթե գումարենք «Ոստիկանը դաժան ծեծի ենթարկեց կնոջը և սպառնաց, որ կսպանի (տեսանյութ)» (այն դեպքում, երբ նույն տեսանյութը նայելիս տեսնում ես հակառակը՝ կինն է հարձակվել ոստիկանի վրա և խփում է ու հայհոյում) կամ «Շախ և մատ աթեիստներին. «Հաբլ» աստղադիտակն արձանագրել է «Աստծու բնակավայրը»» և նմանատիպ «կանեփածին» վերնագրերի շարքը՝ պատկերը կամբողջանա: Ահա այսպես ենք ամեն օր «լացացնում մեր լրատվական դաշտի մայրիկը», ահա այսպիսի «սենսացիներ» ենք ամեն օր մատուցում ընթերցողին և դրանով իսկ «սեքսացիայի» ենթարկում մեր լրատվական դաշտը:

Եվ սրա «արդարացումը»կա, միշտ կա. ասում ենք՝ տալիս ենք այն, ինչ ուզում է ընթերցողը, նման նյութերն ավելի շատ են դիտվում, ավելի շատ «լայքեր» հավաքում…  Բայց չէ՞ որ իրականում մենք ենք որոշում, թե ինչ պետք է ուզի ընթերցողը, մենք ենք տիրապետում լրատվական ռեսուրսների, որոնցով էլ  ուղղորդում ենք մարդկանց, ճաշակ թելադրում, մտածելակերպ ու արժեհամակարգ ձևավորում: Լրատվամիջոցը՝ ի թիվս այլ միջոցների, նաև դաստիրակչական բնույթ ունի, նա տալիս է, սովորեցնում: Իսկ ի՞նչ են տալիս ընթերցողին վերոհիշյալ վերնագրերով նյութերը…

Սակայն մենք բողոքում ենք, թե ինչու մեր երիտասարդները ուզում են «գողական» դառնալ: Իսկ ի՞նչ պետք է ուզեն դառնալ, եթե ամբողջ օրը նրանց դա է մատուցվում թե հեռուստասերիալների միջոցով, թե լրատվական կայքերով, բողոքում ենք, որ մեր երիտասարդ աղջիկների համար միակ արժեքը իրենց make up-ն է, մազերի սանրվածքը, բրենդային հագուստները: Իսկ ի՞նչ ենք ուզում, եթե նրանց ամբողջ օրը դա է մատուցվում: Եթե մարդուն մատուցվում է միայն Սպիտակցի Հայկո և Թաթուլ, ինչպե՞ս կարելի է այդ մարդուց ակնկալել, որ նա դասական, ռոք, ջազ կամ ժողովրդական սիրի: Բողոքում ենք, որ մեր ընթերցողը միայն նման նյութերն է շատ կարդում, իսկ ասենք ազատամարտիկների կամ ազգային հերոսների մասին նյութերը կամ գիտության, մշակույթի մասին նյութերը քիչ են կարդացվում: Այո, որովհետև մենք դա ենք մատուցում ընթերցողին: Չմատուցենք՝ չեն կարդա. դա շատ պարզ է: Մենք պիտի ձևովորենք ընթերցողի ճաշակը, այլ ոչ թե ընթերցողը՝ մեր:

Ես ինձ մյուսներից չեմ առանձնացնում, քանի որ բազմամյա գործունեության ընթացքում տարբեր լրատվամիջոցներում աշխատելով՝ ես էլ եմ հաճախ արել նույն սխալները: Բայց երբեք ուշ չէ ուղղել դրանք: Մեր ձեռքում բավականին լուրջ զենք է, որը ուղղորդում է հասարակությանը, ազդում նրա մտածելակերպի ձևավորման վրա: Մենք պետք է գիտակցենք ու կրենք այդ պատասխանատվությունը: Եկեք փոխվենք:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Պատասխանների 2

  1. Լարիսա:

    շատ ճիշտ եք նկատել

  1. 29/07/2015

    […] առաջ «Ահա այսպես ենք ամեն օր «լացացնում մեր լրատվական դաշտի… հոդվածում անդրադարձել էի մեր լրատվական դաշտի […]

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *