Ո՞վ կարող է տալ Իսլամական պետության վերջը

10537417_723490827772821_3837443632059186054_n

Օրերս Իսլամական պետություն կոչվող չարիքի մասին իրենց անհանգստությունը հայտնեցին նաև Հայաստանի պաշտոնյաները, իսկ հասարակության մեջ անհանգստություն վաղուց արդեն կար: Պարզապես այլ հարց է, թե ում հետ են կապում այդ մտահոգիչ խնդրի լուծումը:

Իսլամական պետության վտանգավորությունը, կարծում եմ, դժվար չէ գիտակցելը: Եթե նրանց ազդեցության ոլորտները արդեն հասել են մինչև միջինասիական երկրներ, ապա չի բացառվում, որ կրոնամոլ ոճրագործների ախորժակը ավելի մեծ կլինի և նրանք հետագայում պլաններ կկազմեն նաև մեր տարածաշրջանի հետ կապված: Իսկ ո՞վ պետք է լինի նրանց կանգնեցնողը, կամ ավելի շուտ՝ նրանց վերջը տվողը:

Հավանաբար ոմանք միամտորեն հույսը կապում են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ՝ մանավանդ որ վերջիններս մի քանի ցուցադրական շոուներ արեցին՝ իբրև թե ստորաբաժանումներ են ուղարկում, կռիվներ են մղում… Բայց եկեք ուղղակի տրամաբանենք՝ եթե ԱՄՆ-ի նման հզոր գերտերությունը, որի ռազմական հզորության վրա ոչ մեկս չի կասկածում, ցանկանար երկրի երեսից ընդհանրապես ջնջել Իսլամական պետությունը, ապա քանի՞ օր, իսկ ավելի շուտ՝ քանի՞ ժամ կպահանջվեր դրա համար ԱՄՆ-ից: Դա պետք է որ ընդամենը ժամերի հարց լիներ: Այդ ինչու՞ երբ որ պետք էր Հարավսլավիայում իրենց սև գործը անել, ամերիկացիները Բելգրադը ռմբակոծեցին ու վերածեցին ավերակի, կամ երբ իրենց պետք էր՝ շատ արագ Լիբիան վերածեցին ավերակի և այդպես շարունակ… Իսկ հիմա ի՞նչն է խանգարում այդ հզորագույններին նույն արագությամբ լուծել ԻՊ-ի հարցերը: Չե՞ն կարող: Կարող են, իհարկե, ուղղակի չեն ուզում, ձեռնտու չէ: Չեն ուզում, որովհետև դա իրենց «պռոեկտն» է, պարզից էլ պարզ է:

Եկեք հիշենք, թե ինչից սկսվեց ամեն ինչ՝ Սիրիայի ապստամբներից, որոնց հովանավորում էր ԱՄՆ-ն, իսկ ներկայացվող լուսանկարում, որը արվել է Սիրիայում, հենց տխրահռչակ Ջոն Մաքքեյնն է՝ ԻՊ-ի ապագա առաջնորդի հետ: Ի դեպ, դեռ մինչև հիմա էլ նույն ԱՄՆ-ն, որը իբրև թե պայքարում է ԻՊ-ի դեմ, օգնում է Սիրիայի ծայրահեղական ապստամբներին:

ԱՄՆ-ին փաստացի այսօր ձեռնտու է ԻՊ-ի գոյությունը, քանի որ այդպիսով Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան և նաև Եվրոպան մշտապես լարված վիճակում է՝ ԻՊ-ի կողմից անընդհատ վտանգ ակնկալելով: Եվ այդպիսով ԱՄՆ-ին ավելի հեշտ է վերահսկել այս աշխարհամասը և ուժեղացնել իր ազդեցության ոլորտները: Հետն էլ ձևական երբեմն կարող է ինչ-որ ռազմական գործողություններ բեմադրել, թե իբրև պայքարում է իր իսկ ծնած չարիքի դեմ, բայց դե մենք հասկանում ենք, որ ծնողը երեխայի դեմ չի պայքարի:

Ի դեպ, ԻՊ-ի վերջը հանգիստ կարող է տալ ոչ միայն ԱՄՆ-ն, այլ ցանկացած գերտերություն, եթե դա բխի իր շահերից: Այս տեսանկյունից հնարավոր է չէ՞, որ մի օր օրինակ հենց Ռուսաստանը դառնա այդ պետությունը: Հնարավոր տարբերակ է, կարող է, բայց դրա համար նախևառաջ պետք է, որ ԻՊ-ը սկսի լուրջ սպառնալիք ներկայացնել հենց Ռուսաստանի համար: Բանը դեռ դրան չի հասել, բայց հաշվի առնելով մոլեռանդ իսլամիստների ախորժակը՝ կարելի է ասել, որ չի բացառվում, որ մի օր դրան էլ կհասնի:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *