Կանայք տղամարդկանցից պակաս կրթված չեն

timthumb

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» նոր հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում պետական ոլորտում աշխատող տղամարդկանց թվում է՝ կանայք պակաս կրթված են: Եթե իրոք նրանք նման կերպ են մտածում, ապա ես պետք է միանշանակ չհամաձայնվեմ Հայաստանում պետական ոլորտում աշխատող տղամարդկանց հետ և նույնիսկ փորձեմ պնդել հակառակը: Նախ կրթված լինելը չի կարող չափվել միայն մի քանի դիպլոմների և գիտական աստիճանների առյակությամբ, որովհետև դիպլոմների մեծ մասը կարող է և գնված լինել, նույն հաջողությամբ՝ գիտական աստիճանը:

Նախ, ոչ ոք չի կարող ասել, թե ուսման մեջ կանայք տղամարդկանցից պակաս բարեխիղճ են, գիտելիքներով էլ պակաս: Իսկ երբ խոսում ենք կրթված լինելու մասին, պետք է նկատի ունենանք նաև մարդու բարեկրթության աստիճանը: Մանավանդ թե՛ պետական, թե՛ մասնավոր լուրջ հիմնարկներում աշխատելու համար գիտելիքներից բացի շատ կարևոր են նաև մարդկանց հետ շփվելու, քաղաքավարության նորմերին տիրապետելու ունակությունները, և այստեղ դեռ հարցական է, թե ովքեր են իրականում ավելի բարեկիրթ՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք: Եթե վերցնենք մեր հասարակությունը, ապա կարող ենք տեսնել, որ արական սեռի ներկայացուցիչներից շատերը մինչ օրս դեռ չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում տիրապետել քաղաքավարության գոնե այնպիսի պրիմիտիվ նորմերի, ինչպիսիք են՝ հասարակական վայրերում անծանոթներին, իսկ աշխատանքային միջավայրում՝ հյուրերին, հաճախորդներին «Դուք»-ով դիմելը, գրական լեզվով խոսելը և փողոցային բառապաշարին բնորոշ արտահայտություններ չօգտագործելը, չկոպտելը և այլն: Նույնիսկ մեր որոշ պետական հիմնարկներում երբեմն կարող ենք հանդիպել բարեկրթության գոնե նվազագույն շեմը չպահող ծառայողների: Նույնը՝ մասնավոր սեկտորում, նույնը՝ տարբեր ոլորտներում շփումների մեջ, մինչև անգամ՝ հասարակական տրանսպորտում:

Հետևաբար, ես սխալ եմ համարում մի շարք տղամարդկանց մոտ ընդունված այն կարծիքը, թե կանայք կրթվածությամբ ցածր են և հավասար կերպով չեն կարող նույն աշխատանքներն իրականացնել, նույն պաշտոնները զբաղեցնել: Ոչ, ցածր չեն, կարող են նույնիսկ ավելի բարձր էլ լինել, այլ հարց է, որ կանայք, ելնելով զուտ սեռային առանձնահատկությունից, ունենում են խնդիրներ և հոգսեր, որոնք չեն ունենում տղամարդիկ, հետևաբար զբաղվածության պատճառով չեն կարողանում տղամարդկանց հետ հավասար ներգրավված լինել հասարակական կյանքում:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *