Դուք առնվազն 800 անգամ ավելի վատն եք

10924776_932552290096828_6111042882245057112_n

Փաստորեն, ի՞նչ է ստացվում. ընդդիմությանը քննադատելիս այսուհետ պետք է զգու՞յշ լինենք: Չէ՞ որ մեր ընդդիմությունում, պարզվում է՝ ջղային դեմքեր կան, ովքեր չեն հանդուրժում իրենց հասցեին հնչած քննադատություններ և անմիջապես նետվում են հարցեր պարզելու «քուչի ռազբոռկեքի» մակարդակով: Խոսքս երեկվա տխրահռչակ միջադեպի մասին է՝ մի խումբ ժառանգականների և «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի ներկայացուցիչների միջև: Իհարկե, նրանք այսօր մեկնաբանում են, թե դա պետք է քաղաքական բանավեճ լիներ: Բայց հազար ներողություն, քաղաքական բանավեճի ժամանակ բռունցքներ ու գազային ատրճանակ ե՞ն օգտագործում: Ես հիմա չեմ քննարկում, թե որ կողմն է եղել մեղավորը, դա իրենք իրար մեջ կպարզեն կամ էլ ոստիկանությունը կպարզի, ես ընդամենը տեսնում եմ փաստը՝ մարդիկ, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում, իրենց հասցեին հնչած քննադատությունների պատասխանը տալիս են բռունցքներով, այսպես կոչված բանավեճի ժամանակ էլ օգտագործվում է նույնիսկ գազային ատրճանակ:

Սա ի՞նչ նոր «մշակույթ» է՝ քաղաքական բանավեճը դարձնել «քուչի ռազբոռկա»…. Թե՞ միգուցե սա հենց «քուչի», «գողական» մշակույթը քաղաքականություն ներմուծելու փորձ է… Եվ հետո էլ մեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները զարմանում են, թե ինչու են իրենց հետևորդները օրեցօր քչանում, ինչու է արդեն Պարույր Հայրիկյանը դարձել ամենամեծաթիվ (իրենց հետ համեմատած) հանրահավաքներ անցկացնողը:

Հարգելի որոշ ընդդիմադիրներ, դուք հաճախ քննադատում եք իշխանություններին (շատ դեպքերում՝ տեղին), մեղադրում եք իշխանությունների ներկայացուցիչներին ոչ քաղաքական վարքի, բռիության, խուլիգանության, բռնություն գործադրելու մեջ, իսկ դուք ինչո՞վ եք ավելի լավը: Ախր դուք առնվազն 800 անգամ ավելի վատն եք, քան իշխանությունները՝ իրենց բոլոր ակնհայտ թերություններով ու վատ կողմերով հանդերձ:

Ի ուրախություն շատերիս՝ դուք այսօր իշխանություն չեք: Իսկ եթե մի օր իշխանություն դառնաք՝ ձեզ քննադատողների հարցերը բռունցքներո՞վ եք լուծելու, թե՞ արդեն միանգամից հրազենով:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *