Հայաստանում իսկական քաղաքական գործիչների դեֆիցիտ կա

10427229_806864565998935_3382139500075890302_n
Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հատկապես՝ ընդդիմադիրները, պարբերաբար իրենց խոսքում սիրում են օգտագործել, «գաղափարախոսություն», «գաղափարային», «գաղափարական» և «գաղափար»-ով կազմված այլ բառեր: Այլ հարց է, որ նրանցից շատերը հավանաբար չգիտեն էլ, թե ինչ է այդ «գաղափար»-ը և դրանով կազմված բառերը: Սա իմ ենթադրությունն է, որի համար ունեմ հիմք, և այդ հիմքը հենց ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերի գործունեությունն է, նրանց արած քայլերը, որոնցից բխում է, որ քաղաքական ուժերի և բազմաթիվ գործիչների համար առաջնայինը անձնական և կուսակցական շահերն են և առաջնորդվում են դրանք անձերի խնդրով, այլ ոչ թե գաղափարախոսությամբ: Այսինքն, իրենք դեմ են տվյալ անձին, տվյալ քաղաքական ուժին, և այդ անձի և ուժի կողմից ցանկացած նախաձեռնություն իրենց համար անընդունելի է՝ անկախ նրանից, թե նախաձեռնության բովանդակությունը համապատասխանու՞մ է իրենց իբրև թե ունեցած գաղափարներին, թե՝ ոչ:

Օրինակ ներկայումս սահմանադրական բարեփոխումների առաջարկի հետ կապված՝ բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ, հասարակական գործիչներ իրենց դժգոհությունն են հայտնում, ինչը, իհարկե, պետք է լինի, և հիմնավորված ու գաղափարական անհամաձայնությունների դեպքում դա միայն ողջունելի է: Սակայն ես վստահ չեմ, որ եթե օրինակ սահմանադրական բարեփոխումները նույն ձևով Սերժ Սարգսյանի փոխարեն առաջարկեր Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա Թուրքիայում հանգստանալուց նոր վերադարձած և «ռեժիմին խուճապահար անող» Լևոն Զուրաբյանը այսպիսի եռանդով կլծվեր նախագիծը փնովելու և հետագա քննարկումը բոյկոտելու գործին: Ընդհակառակը, թե նա, թե ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչները ամենուր կհայտարարեին, թե սա լավագույն նախագիծն է մարդկության ողջ պատմության ընթացքում: Նույնը կարող եմ ասել ՕԵԿ-ի մասին, նաև «Ժառանգության», եթե վերջինս նույնպես միանա բոյկոտողներին: Նույնը կարող եմ ասել հասարակական սեկտորի ներկայացուցիչներից շատերի մասին. եթե նույն կամ նմանատիպ առաջարկներով հանդես գար իրենց թիմակիցը, ապա վերաբերմունքն այլ կլիներ, բայց քանի որ առաջարկողը Սերժ Սարգսյանն է՝ շատերը հրաժարվում են նույնիսկ գործընթացին մասնակցելուց: Այսինքն, մարդիկ առաջնորդվում են անձերի, կուսակցությունների հանդեպ իրենց վերաբերմունքով՝ չգիտես ինչու դրա անունը դնելով «գաղափար»: Ավելի ազնիվ կլիներ ուղղակի ասեին՝ դա մեր անձնական և կուսակցական շահերից չի բխում և մեր բուն նպատակն է՝ միմիայն իշխանական աթոռներին հետույքներս կպցնելը… Սա կլիներ ավելի ազնիվ…

Ծիծաղելին այն է, որ այն քաղաքական ուժերն ու գործիչներն էլ, որոնք սկզբունքորեն կողմ են առաջարկվող բարեփոխումներին՝ անկախ նրանից, թե ով է առաջարկողը, և համարձակություն են հայտնում արտահայտել իրենց կողմ լինելը, որակվում են որպես իշխանությանը ծախվածներ, դավաճաններ: Սա էլ այսօրվա քաղաքական դաշտում առկա այլասերված դրևորումներից է՝ ով մեզ հետ համաձայն չէ, ով օրական 8 անգամ ռեժիմով չի գոռում «Սերժիկ, հեռացիր»՝ ծախված է և դավաճան: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, կամ այսպիսի դրսևորումներին մեկնաբանություն պետք է տա Առողջապահության նախարարությունը:

Հիմա ի՞նչ անուն դնեմ այս երևույթին և ինչպե՞ս բնորոշեմ նման գործիչներին: Եկեք ես ինքս ոչ մի բնորոշում չտամ, այլ ավելի լավ է՝ ուղղակի մեջբերեմ Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսի խոսքերը, որոնք նա այսօր ասել է հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում. «Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական կուսակցությունները, ոչ միայն նրանք, որոնք ներկայացված են խորհրդարանում, ասում են, որ պետք է մասնակցեն այդ գործընթացին և հայտնեն իրենց կարծիքը, որովհետև նրանք հասկացել են, որ բոլոր քաղաքական կուսակցությունների նպատակը պետք է լինի Հայաստանում կայունություն հաստատելը, ավելի լավ կենսամակարդակ ապահովելը և այլն: Ուստի, եթե արհամարհես, կնշանակի, որ իսկական քաղաքական գործիչ չես»:

Այս դեպքում դժվարանում եմ չհամաձայնվել Վենետիկի հանձնաժողովի անդամի հետ և ավելացնել, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր իսկական քաղաքական գործիչների դեֆիցիտ կա: Ավելին, գտնում եմ, որ գործընթացին մասնակցելուց հրաժարված քաղաքական ուժը եթե գոնե սկզբունքայնության ինչ-որ նշույլներ ունի, ապա Սահմանադրական բարեփոխումների ընդունվելուց դեպքում 2017-ին չպետք է մասնակցի նոր Խորհրդարանի ընտրություններին, որովհետև փաստացի դա չի ընդունել: Բայց իմանալով մեր շատ ու շատ ընդդիմադիրների անսկզբունքայնությունը՝ կարող եմ ասել, որ այդ դեպքում էլ նրանք ոգևորված կնետվեն մասնակցելու՝ շատ լավ գիտակցելով, որ հեղինակազրկված լինելու պատճառով իրենք ունեն հաղթելու զրո շանս: Բայց կարևորը դա չէ, այլ դրանից հետո աղաղակելը, թե իրենց հերթական անգամ խաբեցին, և որ ռեժիմն էլ, իհարկե, խուճապի մեջ է:

Կարեն Վարդանյան

Հ.Գ. Ասածս, անշուշտ, չի վերաբերվում այն գործիչներին, ովքեր իսկապես սկզբունքորեն և գաղափարապես դեմ են բարեփոխումներին կամ դրա որոշ կետերին, գիտեն, թե ինչու են դեմ, և ոչ միայն հիմնավորում են իրենց դեմ լինելը, այլ նաև ներկայացնում են իրենց առաջարկությունները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *