Ազատ մամուլ կա, իսկ բացարձակապես օբյեկտիվ՝ չի լինում

2310061521424372476
Երեկ մի շարք երկրներում նշել են ազատ մամուլի համաշխարհային օրը: Այդ առիթով սոցցանցերի հայաստանյան տիրույթում մշտապես ամեն ինչից միայն գժգոհ և համառորեն ամեն ինչում բացասականը փնտրող օգտատերերի մի մասը կրկին բարձրացրել էին նույն «լացակումած» հարցը՝ կա՞ արդյոք Հայաստանում ազատ մամուլ, և, իհարկե, իրենց սովորության համաձայն, ասել են, որ ոչ, մեր մամուլը ազատ չէ:

Հիմա փորձեմ պատասխանել նույն հարցին և հայտնել իմ տեսակետը: Ես գտնում եմ, ավելի շուտ՝ վստահ եմ, որ մեր մամուլը դեռ մի բան էլ չափից ավելի ազատ է, նույնիսկ որոշակի սահմանափակումը չէր խանգարի: Ինչու՞: Որովհետև ասել եմ և էլի կասեմ, որ Հայաստանում թե լրատվամիջոցներում, թե սոցցանցերում այսօր յուրաքանչյուրը կարող է գրել ինչ ցանկանա՝ նույնիսկ անցնելով թույլատրելիի և բարոյականության սահմանները, կարող է վիրավորել, զրպարտել յուրաքանչյուրին, ոչ կոռեկտ արտահայտություններ օգտագործել իր գաղափարական հակառակորդի հասցեին՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու դրա համար: Ավելին, այսօր Հայաստանում կան լրատվամիջոցներ, նաև բլոգերներ, ովքեր ակնհայտորեն սնվելով դրսի հիմնադրամներից՝ մեր երկրում իրականացնում են ազգային և պետական շահերին հակասող քարոզչություն, մինչև ընդհուպ՝ ադրբեջանական լոբինգ: Եվ նրանք ազատ գործում են, նրանց գործունեությանը ոչ ոք և ոչինչ չի խոչընդոտում՝ ցավոք սրտի: Հիմա չստացվե՞ց, որ մեր մամուլը ազատ է, այն էլ՝ չափից դուրս ազատ: Այնպես որ տեղին չեմ համարում անիմաստ «լացելը» և այս հարցի շուրջ բողոքելը:

Բացի ազատ մամուլից փորձում են շրջանառել նաև անաչառ, բացարձակապես օբյեկտիվ լրատվամիջոցի գաղափարը և նույնիսկ պահանջում, որ այդպիսիք լինեն: Սակայն իրականում արդյո՞ք դա հնարավոր է: Ես գտնում եմ, որ ոչ, բացարձակապես անաչառ ու օբյեկտիվ լրատվամիջոց չկա, չի եղել և երբևէ չի էլ լինի, և դա ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բոլոր երկրներում: Եվ սրան պետք է նայենք ոչ թե որպես բացասական երևույթի, այլ որպես օրինաչափության: Լրատվամիջոցը նաև ֆինանսական շահ հետապնդող գործունեություն է, գոյատևելու և գործելու համար այն պետք է ունենա եկամուտ, վճարի աշխատավարձեր: Եկամուտները, ինչպես գիտենք, հիմնականում գովազդներից են լինում, կամ էլ տվյալ լրատվամիջոցը ֆինանսավորում են որոշ քաղաքական ուժեր, որոշ կողմեր: Երկու դեպքում էլ բացարձակ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, որովհետև նույնիսկ սովորական կոմերցիան գովազդը ենթադրում է համագործակցություն գովազդատուի հետ, որը ներկայացնում է որևէ կողմի շահերը: Այլ հարց է, որ այդքանով հանդերձ լրատվամիջոցը խելացի կերպով գործելով կարող է պահպանել օբյեկտիվություն, բայց ոչ բացարձակ, այլ՝ մասնակի կամ էլ հնարավորինս ավելի շատ: Սակայն բացարձակ օբյեկտիվության մասին խոսք լինել անգամ չի կարող:

Վերջապես կա ևս մեկ գործոն՝ տվյալ լրատվամիջոցի ղեկավարի, աշխատակիցների քաղաքական հայացքները, որոնք կամա թե ակամա արտահայտվում են իրենց մեկնաբանություններում, վերլուծական հոդվածներում, և դա բնական է: Այսինքն, կրկին բացարձակ օբյեկտիվություն չի լինում, օբյեկտիվ չի նաև իմ այս հոդվածը, որովհետև ես արտահայտում եմ իմ սուբյեկտիվ մոտեցումը, որի հետ շատերը կարող են համաձայն չլինել:

Հիշում եմ, երբ դեռ ավելի երիտասարդ լրագրող էի, բազմիցս առիթներ են եղել մասնակցել տարբեր սեմինարների, որտեղ հրավիրված էին տարբեր պրոֆեսիոնալ լրագրողներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, որոնք ամերիկյան աննպատակ ժպիտներով և դեմքերի՝ «it’s OK, it’s all right» արտահայտությամբ փորձում էին երիտասարդ լրագրողներիս իբրև թե ներկայացնել ճշմարիտ ու օբյեկտիվ լրագրության չափանիշները՝ որպես օրինակ բերելով, իհարկե, իրենց լրատվամիջոցները: Ասեմ, որ երկար ժամանակ չպահաջվեց, որպեսզի հասկանամ նմանատիպ խոսքերի անիրական բնույթը: Բավական էր ընդամենը անգլերեն լեզվի իմացությունս հասցնել այն մակարդակի, որ արդեն կարողանայի անձամբ հետևել CNN, BBC և այլ հեռուստաալիքներին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, և շատ արագ հասկացա, որ նման լրատվամիջոցները իրականում լուսային տարիներով հեռու են օբյեկտիվության հետ որևէ աղերս ունենալուց: Նույնը կարող եմ ասել նաև ռուսական լրատվամիջոցների մասին: Յուրանքանչյուրը ներկայացնում է որևէ կողմի շահեր, անձերի շահեր կամ տեսակետներ, այնպես որ եկեք ուղղակի չապահանջենք այն, ինչը գոյություն չունի: Պարզապես ավելի իրատես լինենք և ամենակարևորը՝ մեզ սրբի տեղ չդնենք, այլ լինենք ավելի հասարակ և ազնիվ: Սուրբ լինելը այսօր այլևս մոդա չի:

Ուշացումով շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *