Երբ մարդիկ իրենց երկրին մոտենում են որպես լաբորատորիայի, որտեղ կարելի է փորձեր անել

10924776_932552290096828_6111042882245057112_n

Քաղաքացիականը դարձավ քաղաքական ու դա վաղուց արդեն պարզ էր: Քաղաքական՝ առանց օրակարգի, առանց ծրագրի… Եվ ինչպես լինում է նման դեպքերում՝ երբ չկա ուզելու կոնկրետ բան, ուզում են ինչ-որ մեկի հրաժարականը: Տվյալ դեպքում դա կարող է լինել Սերժ Սարգսյանը: Արդեն նույնիսկ միջոցառում է ստեղծված սոցիալական ցանցում, հրավիրում են մարդկանց՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: պահանջում են շատերը, բայց հետաքրքիրն այն է, որ ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել որևէ առաջարկ, այսինքն՝ ու՞մ են առաջարկում Սերժ Սարգսյանի փոխարեն: Չէ՞ որ տրամաբանական է՝ եթե մեկին հանում ես, պետք է տեղը մեկ ուրիշին դնես: Հիմա ո՞վ է լինելու այդ մեկ ուրիշը: Լռություն: Ձայն չկա:

Իսկ իմ տրմաբանությամբ՝ նախագահի հրաժարական պահանջողը առնվազն պիտի չամաչի տալ իր նախընտրած թեկնածուի անունը, ներկայացնել այդ թեկնածուի ծրագիրը, որտեղ մատչելի ձևով քայլ առ քայլ պետք է նշված լինի, թե ինչպես է նոր թեկնածուն նախագահ դառնալու դեպքում դուրս հանելու երկիրը ճգնաժամային վիճակից, ինչպես է ոտքի հանելու տնտեսությունը, ինչպես է վերացնելու գործազրկությունը և ինչպես է բարձրացնելու մարդկանց աշխատավարձերը: Եթե այս ամենը չկա, գոյություն չունի, թեկնածու էլ չկա, կամ էլ կա, բայց այնպիսի վարկաբեկված ու ողորմելի դեմք է, որ նույնիսկ իր հետևորդներն ամաչում են իր անունը բարձրաձայն տալու, ապա ուղղակի օդի մեջ նախագահի հրաժարական պահանջելն այն սկզբունքով, թե «եկեք այս մեկին հեռացնենք, հետո տեսնենք թե ով կլնինի», առնվազն արկածախնդրություն է: Մարդը պետք է իմանա, թե իրեն ուր են կանչում, ինչի համար են կանչում, ում՝ ում հետ փոխելու համար են կանչում, և իր գնալով ու՞մ գահ բարձրանալուն է նպաստելու: Մարդը պետք է իմանա, թե ինչը ում համար է անում, և թույլ չտա, որ իրեն օգտագործեն որպես «մասովկա», գլխաքանակ ապահովվող:

Լավ, ենթադրենք, թե Սերժ Սարգսյանն էլ վերցնի ու ասի՝ այո, հրաժարական եմ տալիս, այդ դեպքում ի՞նչ են անելու պահանջողները: Ու՞մ են դնելու նրա փոխարեն, հին քաղաքական դիակների՞ն, որոնք այն աստիճանի են վարկաբեկված, որ նույնիսկ այսօր նրանց հետևորդներն են ամաչում բարձրաձայնել, որ նրանց հետևորդն են և իրականում նրանց՝ աթոռներ ունենալու համար են պայքարում: Թե՞ նոր մարդիկ կան: Այդ դեպքում ինչու՞ չի տրվում նրանց անունները: Թե՞ միգուցե որոշել են փորձարկում անել՝ մի նախագահին կհեռացնեն, հետո մեկին տեղը կնշանակեն, տեսնեն ոնց է ղեկավարում, մի ամիս հետո այդ մեկին էլ կհեռացնեն, հետո մեկ ուրիշին կնշանակեն ու այդպես շարունակ… Սա հենց այն մոտեցումն է, երբ մարդիկ իրենց երկրին մոտենում են որպես լաբորատորիայի, որտեղ կարելի է փորձեր անել:

Ծրագրեր առաջարկեք, պարոնայք, առաջարկեք թեկնածուներ, ծրագրեր… Ընդդիմության ֆունկցիան զուտ գոռալը չէ, ընդդիմությունը պետք է պահանջելուց զատ նաև առաջարկի, իրատեսական առաջարկներ անի, կառուցողական լինի: Հասկանում եք չէ՞ կառուցողականն ինչ բան է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *