Ինչու՞ չենք խոսում նաև ռազմավարական «դաշնակցի» մեղավորության մասին

Flag-Pins-Armenia-Russia
Անխոս, վերջին շրջանում Հայաստանի հասարակության կողմից ամենաչսիրված, ամենաքննադատվող ու նույնիսկ ամենաշատ հայհոյանքների արժանացող գործիչներն են դարձել Ռոբերտ Նազարյանն ու Երվանդ Զախարյանը, ինչպես նաև իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները: Պատճառը պարզ է՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Բացասական վերաբերմունքը սպասելի էր, լիովին արդարացված: Արդարացված են նաև բացասական որակումները, բայց ես կարծում եմ, որ հարվածների թիրախ ընտրելով միայն մեղավոր մի կողմին՝ մենք դրանով ինչ-որ չափով շեղում ենք ուշադրությունը մեղավոր մի այլ կողմից: Խոսքս ռուսական գործոնի մասին է, որը, կարծում եմ, ոչ ոք չի կարող հերքել որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցում ոչ միայն կա, առկա է, այլ նաև լուրջ դերակատարություն կարող է ունենալ: Վերջապես, Բիբինը Ռուսաստանի մարդն է, այլ ոչ թե Պոլինեզիայի:

Այո, մենք կարող ենք ամբողջ օրը վատ բաներ ասել, գրել Ռոբերտ Նազարյանի, Երվանդ Զախարյանի, Շարմազանովի, կառավարության մյուս անդամների, ավելի բարձր իշխանավորների մասին, բայց դրանով կարծես թե մի տեսակ հետին պլան է մղվում ռազմավարական «դաշնակցի» ֆակտորը: Ինչու՞ դաշնակիցը չակերտների մեջ, որովհետև անձամբ իմ համար Ռուսաստանը մեզ ոչ թե դաշնակից է, այլ ընդամենը գործընկեր: Դաշնակիցը իմ պատկերացմամբ քո թշնամի պետությանը զենք չի վաճառի, չի թույլ տա, որ իր ներկայացուցիչը քո երկրում կամայականություններ անի, գներ բարձրացնի ու քո ժողովրդի ֆինանսական բեռն ավելացնի: Այնինչ գործընկերը շարժվում է ընդամենը իր շահերով և պարտավոր չէ մտածել գործընկեր պետության բնակչության մասին:

Հիմա կասեք՝ ուրեմն ի՞նչ, այդ դեպքում մեր իշխանությունները մեղավոր չե՞ն: Իհարկե, մեղավոր են: Նախևառաջ մեղավոր են նրանում, որ թույլ են, թուլությունը դա արդեն մեղավորություն է: Մեղավոր են, որ ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում չեն կարողանում իրենց դիրքը լավ դնել, որպեսզի ընդգծվող ստորադասի կարգավիճակում չլինեն: Եվ այս դեպքում հավատացեք՝ Ռուսաստանի փոխարեն ցանկացած պետություն էլ մեզ կշահագործեր, որովհետև մենք ենք դա թույլ տալիս: Այնինչ, նույն Ռուսաստանի հետ էլ կարելի էր հարաբերություններ այնպես կառուցել, որ լինեինք անհամեմատ ավելի բարձր դիրքերում: Թե չէ Ռուսաստանն ընդամենը իր շահերով է շարժվում, նա պարտավոր չէ մեր մասին մտածել այն դեպքում, երբ մենք ինքներս մեր մասին չենք մտածում: Բայց այդ դեպքում թող գոնե Ռուսաստանը ազնիվ լինի և չխոսա ենթադրյալ բարեկամության մասին: Նման ձևով բարեկամություն չեն անում: Դա ծաղր է, այլ ոչ թե բարեկամություն:

Այնպես որ ես առաջարկում եմ չմոռանալ ու չանտեսել նաև ռուսական գործոնը, հիշեցնել այդ մասին պարբերաբար: Միգուցե մեր իշխանությունների համարձակությունը չի՞ հերիքում այդ մասին բարձրաձայնել: Եկեք տանք նրանց այդ համարձակությունը, օգնենք:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *