Մինչև ու՞ր կարող է հասնել արևմտամոլությունը

94374

Մինչև ու՞ր կարող է հասնել արևմտամոլությունը. ես կասեի՝ բավականին հեռու, մինչև սեփական երկրի շահերն ամբողջությամբ անտեսելը և փաստացի սեփական երկրի շահերին դեմ արտահայտվելը և էլ ավելի հեռու: Այս սահմանագիծը մեր մի շարք արևմտամոլներ և «սորոսասուն» (Սորոսից սնվող) լրատվամիջոցներ վաղուց են արդեն անցել: Օրինակ, Սերժ Սարգսյանի՝ երեկ հնչեցրած կոչը եվրոպական կառույցներին առավել քան տեղին էր և այստեղ ես չհամաձայնվելու խնդիր չեմ տեսնում: Այո, եվրոպական կառույցները պետք է հրաժարվեն հակամարտող կողմերի միջև հավասարաության նշան դնելու քաղաքականությունից, դա պարզից էլ պարզ է, որովհետև ագրեսիա ցուցաբերողը միշտ Ադրբեջանն է, հրադադարի ռեժիմը խախտում է միշտ Ադրբեջանը, իսկ Հայաստանը պաշտպանվողի և պատասխան գործողություններ իրականացնողի դերում է: Սա մենք բոլորս գիտենք և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, հետևաբար բոլոր առումներով սխալ է հավասարության նշան դնելը, առնվազն անարդար է:

Բայց արի ու տես, որ «սորոսասուններն» ու արևմտամոլներն այնուամենայնիվ արդարացնում են եվրոպական կառույցներին, դեռ մի բան էլ մեղադրում են հայկական կողմին, թե իբր ի՞նչ հավասարության նշան չդնելու մասին է խոսքը, երբ Հայաստանում քրեաօլիգարխիա կա, ժողովրդավարություն չի և այլն… Նախ, իր բոլոր թերություններով հանդերձ Հայաստանը ժողովրդավարության չափանիշներով Ադրբեջանի հետ նույնիսկ համեմատվել չի կարող դրական իմաստով, բացի այդ՝ եթե նույնիսկ այդպես էլ լիներ, ապա ի՞նչ կապ ունի դա հրադադարի ռեժիմի խախտումների հետ: Խոսքը ընդամենը այն մասին է, որ հրադադարը խախտում են միշտ ադրբեջանցիները, սադրանքներ ու դիվերսիաներ փորձում են իրականացնել ադրբեջանցիները, ագրեսիա դրսևորում են ադրբեջանցիները, և սա անհնար է հերքել: Եթե մեր արևմտամոլները համառորեն պիտի շարունակեն պնդել, որ հավասարության նշան դնելը ճիշտ է, ապա դա կնշանակի, որ նրանք համառորեն հերքում են անհերքելին՝ Ադրբեջանի՝ ագրեսոր լինելու փաստը, այսինքն՝ խոսում են սեփական երկրի շահերին դեմ: Միգուցե «Սորոսի» թելադրանքո՞վ. չգիտեմ, բայց այդպես է ստացվում:

Ես հասկանում եմ, որ կարելի է լինել ընդդիմադիր, լինել արևմտամետ, բայց երբ խոսքը գնում է մեր երկրի շահերն արտահայտելու մասին՝ խոսել ակնհայտ այդ շահերին դեմ, արդարացնել եվրոպական կառույցնեևրի անարդար վերաբերմունքը և դրանով անուղղակի կերպով արդարացնել ադրբեջանական ագրեսիան՝ այ դա ես ոչ մի դեպքւոմ չեմ կարող հասկանալ: Երևի նրանից է, որ Սորոսից երբեք չեմ սնվել ու չեմ սնվում:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *