Ուորլիքն աշխատում է Ադրբեջանի օգտին

7183280_9

Երկարատև լռությունից հետո խոսեց նա, ում լռությունը շատ ավելի հաճելի է, քան խոսքը: Չնայած նրա խոսքն էլ միշտ կարճ էր, միօրինակ, որովհետև գրեթե միշտ հնչեցնում էր նույն արտահայտությունը, որով երկու կողմերին կոչ էր անում հանդարտության: Բայց այս անգամ նա ստեղծագործեց, նոր խոսք ասաց, այս անգամ փաստացի առաջարկեց Արցախի ազատագրված տարածքները, որոնք իր համար «գրավված տարածքներ» են, վերադարձնել Ադրբեջանին…

Կարծում եմ, հասկացաք, որ խոսքս ամերիկացու մասին է, տիպիկ ամերիկացու՝ ոչինչ չասող աչքերով և անժպիտ ժպիտով Ջեյմս Ուորլիքի, որը հայտնի չէ, թե որ մի արժանիքի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Եվ ահա այս տիպիկ ամերիկացին այս տիպիկ ամերիկյան «հանճարեղ» միտքը արտահայտել է ռուսական «Վեդոմոստիին» երեկ տված հարցազրույցում: Նախկինում անիմաստ կառույցի այս անիմաստ ներկայացուցչին պարբերաբար մեղադրում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու մեջ, որովհետև վերջինս Ադրբեջանի կողմից ցանկացած սադրիչ գործունեությունից հետո հանդես էր գալիս ոչ թե Ադրբեջանին, այլ՝ երկու կողմերին էլ հանդարտեցնող կոչերով: Հիմա արդեն ավելի շատ հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրանքները Ուորլիքի հասցեին տեղին չեն եղել, մենք սխալվել ենք. նա ոչ թե հավասարության նշան է փորձել դնել, այլ աշխատել և աշխատում է Ադրբեջանի օգտին, ինչը վերջին հարցազրույցից հետո արդեն առավել զգալի դարձավ:

Դե, իհարկե, ինչպես ասում են՝ «ասողիկին լսողիկ է պետք», և ես հույս ունեմ, որ հայկական կողմը կոշտ և միաժամանակ՝ դիվանագիտական պատասխան կտա ամերիկացի համանախագահի «ամերիկամիտ» առաջարկին, Ուորլիքն էլ կհասկանա, որ այնուամենայնիվ լռել իր մոտ ավելի լավ է ստացվում:

Եվս մի նկատառում՝ եթե նման առաջարկ աներ ասենք որևէ ռուս պաշտոնյա, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսի վայնասուն կբարձրացնեին մի խումբ արևմտամետներ և ԵՄ դրոշները ծածանելով կվազեին Ռուսաստանի դեսպանատունը «գրավելու»: Իսկ ի՞նչ կանեն նույն «հայրենասերները» Ուորլիքի դեպքում. ավելի հակված եմ մտածելու, որ կլռեն:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *