kommersant.ru-ն՝ ՀՀ 4-րդ նախագահի թկնածուի մասին. tert.am

timthumb (1)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին: Հաշվի առնելով, որ նոր օրենքների համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի, գրում է kommersant.ru-ն՝ նշելով, որ նա ունի արտերկրում լայն կապեր ունեցող արևմտամետ քաղաքական գործչի իմիջ:
«Արմեն Սարգսյանը Հայաստանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչ է: Նա դիտարկվում էր որպես բարձր պաշտոնների համար ՀՀԿ-ի կադրային ռեզերվ դեռ շատ վաղուց: Նրա անունը նաև շրջանառվել է 2016 թվականին ապագա վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ՝ Կարեն Կարապետյանի անվան կողքին»,- հիշեցրել է լրատվամիջոցին Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Փորձագետի խոսքով՝ խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահի խնդիրը նախևառաջ դիվանագիտական հարցերով զբաղվելն է:
«Հնարավոր է՝ ներկայիս նախագահը, կայացնելով այդ կադրային որոշումը, հաշվի է առել, որ Արմեն Սարգսյանը դա լավ կանի, որ նա բավականին հուսալի է իշխանության համար: Նա լավ կապեր ունի Մեծ Բրիտանիայում, և հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարության կողմից դա դիտարկվում է որպես առավելություն այն պայմաններում, երբ վարչապետը կապված է Ռուսաստանի հետ»,- հավելել է Հրանտ Միքայելյանը:
Կպահպանի արդյոք Կարեն Կարապետյանն իր պաշտոնը նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո՝ հայտնի չէ, բայց փորձագետներն այդ սցենարը շատ հավանական են համարում:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը kommersant.ru-ի հետ զրույցում նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթներից բացի, որոնք հիմնականում արարողակարգային են, ապագա նախագահը պետք է օգնի արտաքին տնտեսական և քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Հայաստան իր անձնական կապերով ներդրումներ գրավելու հարցում:
«Արմեն Սարգսյանի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա այն ոչ շատ հայ գործիչներից է, ով հնարավորություններ ունի ազդելու արտասահմանում այս կամ այն որոշումների վրա՝ հաշվի առնելով նրա կապերը, ներկայությունը ֆորմալ և ոչ ֆորմալ միջազգային կառույցներում»,- ասել է նա:
Փորձագետն Արմեն Սարգսյանին անվանել է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն նշել է, որ նա Ռուսաստանի հետ նույնպես կապեր ունի, հատկապես՝ բիզնեսի շնորհիվ: Բացի այդ, քաղաքագետը հիշեցրել է, որ հայկական ԶԼՄ-ները բազմիցս գրել են Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հետ Արմեն Սարգսյանի ընկերական հարաբերությունների մասին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *