Մնում էր՝ նստեիք գլխներիս ու…

timthumbՀայ-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված՝ հատկապես վերջին մի քանի տասնօրյակում մեզանում ամենաքննարկվող թեմաներից մեկը, թերևս, հայ-ռուսական հարաբերություններն են դարձել: Դրանց մասին հնչող կարծիքները բավական բազմազան են, տարբեր ու հաճախ հակասական. ոմանք դրանք դիտարկում են ֆեոդալ-վասալ հարաբերությունների ֆորմատում, ոմանք այդ հարաբերությունները համարում են մեծ ու փոքր եղբայրների միջև ձևավորված հարաբերությունների նման ջերմ ու անկեղծ, ոմանք էլ, առհասարակ, հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերություններին դեմ: Կողմ չլինելով ծայրահեղ մոտեցումներին ու համարելով, որ այդ հարաբերությունները, գոնե ներկա փուլում տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով, գործնականում այլընտրանք չունեն մեզ համար, կցանկանայինք, այնուամենայնիվ, դիտարկել մի բացասական երևույթ, որի ականատեսն ենք դառնում արդեն որերորդ անգամ. խոսքը, մասնավորապես, որոշ ռուս պաշտոնյաների կողմից նկատվող ոչ կոմպետենտ ու անպատասխանատու վարքագծի մասին է, ինչը չի կարող տարակուսանքի առիթ չհանդիսանալ:

Այսպես՝ պարզվում է՝ դիցուք Ռուսաստանի պետական Դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը սկսել է սրտնեղել ու իր անթաքույց դժգոհությունը հայտնել առ այն, որ Հայաստանը գոնե ինչ-որ հարցերում փորձում է պահպանել սեփական սուվերենությունն ու չի ցանկանում վերածվել, ասենք, Չեչնիայի ու ջանում է հարաբերություններ կառուցել ոչ միայն ՌԴ-ի, այլև՝ Արևմուտքի հետ. մարդը բողոքել է, թե ինչու պետք է Հայաստանի պառլամենտում լինի Եվրաինտեգրացիայի հանձնաժողով, իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված՝ ոչինչ:

Իսկ ահա ՌԴ Դաշնային ժողովի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովին էլ խիստ մտահոգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեծությունն ու ի պատասխան լրագրողների կողմից հնչող մտահոգությունների, թե ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, պատասխանում էր, թե ՀՀ-ն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մեջ է մտնում, մի՞թե իրենք ըմբոստանում են:

Հիմա եթե վերլուծենք այս երկուսի ասածները, ի՞նչ պետք է ենթադրենք, ի՞նչ եք կարծում. մի՞թե ոչ այն, որ մեզ, պարզապես, ծաղրում են, շանտաժի ենթարկում ու փորձում «տեղը դնել». համաձայնե՛ք՝ ամենևին էլ ոչ բարեկամական ժեստ՝ մեր մեծ եղբայրների կողմից: Եթե խոշորացույցները՝ ձեռքներին՝ այս երկուսը ընկնեն ու ողջ հողագնդով մեկ փնտրեն Հայաստանից ավելի ռուսամետ երկիր, երկիր, ուր ՌԴ-ն ունի այսքան լծակներ, տեսնես կգտնե՞ն: Որքան տնտեսական հզորություններ, ռազմավարական օբյեկտներ, արժեք ներկայացնող բան կա այս երկրում, բոլորը հանձնել ենք ռուսներին, մնում է միայն ՀՀ գերբը փոխենք ու վերջ… Այնպիսի տպավորություն է, թե մեզ ձեռք են առնում, շանտաժ անում Ղարաբաղով ու մեր «ջգրու» «քիրվայություն» անում Բաքվի հետ: Մեկը չկա՝ հարցնի՝ ա՛յ ընկեր, հասկացանք, որ դաշնակիցներ ենք, հասկացանք, որ կես դար ժամկետով ռազմաբազա ունեք Գյումրիում, բայց մի՞թե կարելի է այսչափ ցինիկ լինել ու համեմատել անհամեմատելիները. ի՞նչ է՝ Ռուսաստանը դե ֆակտո պատերազմի մե՞ջ է Եվրամիության հետ, թե՞ Վաշինգտոնի միջուկային մարտագլխիկներն արդեն իսկ գործի են դրվել, մենք էլ ուխտադրուժի պես Հայաստանի տարածքը տրամադրել ենք ՆԱՏՕ-ական զորքերին… Իսկ տարածաշրջանում ստեղծված լարվածության ֆոնին ազերիների զենք վաճառել-չվաճառելու հարցը պետք է առհասարակ մեջտեղից վերացած լիներ, եթե ՌԴ-ն իրեն համարում է մարդասիրական արժեքներին հավատարիմ երկիր. ճիշտ հակառակին ենք ականատես դառնում՝ ցավոք:

Բայց այս անթույլատրելի մթնոլորտի բուն մեղավորը, մեր խորին համոզմամբ, ՀՀ արտգործնախարարությունն է, որը չափազանց պասիվ է իրեն դրսևորում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած խութերի վերացման առումով. մի օր չբարեհաճեցին ինչպես հարկն է բողոքի նոտա հղել Մոսկվա՝ այդ երկրի կողմից թշնամուն զենք վաճառելու կապակցությամբ, մի օր դեսպանը չկանչվեց նախարարություն, ու հաշիվ չպահանջվեց նրանից՝ այս ամենի հետ կապված. ինչո՞ւ: Հարցն այս՝ բոլորիդ խորհելու թեմա…

Դավիթ Բաբանով 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *