Շնորհակալություն Լևոն Զուրաբյանին, որ ԵԽԽՎ-ում չհայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է

2154
Վատիկանում ունեցած՝ մեր փայլուն դիվանագիտական հաղթանակի արդյունքերը նկատելի են գրեթե ամեն օր. Չիլի, Չեխիա, Ավստրիա… Կարծես թե Գերմանիայում էլ սառույցը ուզում է տեղից շարժվել: Հայաստանում էլ այս օրերին հիմնականում երկրորդական պլան են մղվել ներքաղաքական հարցերը, քանի որ 100-ամյակի միջոցառումներին մնացել է 3 օր, իսկ ապրիլի 24-ին Հայաստան են ժամանելու ավելի քան 60 երկրների պատվիրակություններ, մի քանի երկրների նախագահներ, և էլ կարիք չեմ տեսնում ևս մեկ անգամ շեշտելու միջոցառումները պատշաճ կերպով անցկացնելու և ներքին պառակտումները հնարավորինս ի ցույց չդնելու կարևորությունը: Ցավոք, այդ կարևորությունը ոչ բոլորն են ընկալում և իրենց անձնական շահերն ավելի բարձր են դասում: Օրինակ, «Հիմնադիր խորհրդարանը» շատ լավ իմանալով, որ բնակչության մեծամասնությունը դեմ է իրենց նախատեսած ակցիային՝ այնուամենայնիվ, որոշել են անել այն, այսինքն՝ ակնհայտ է, որ մարդիկ սեփական շահերից բխող ինչ-որ խնդիրներ են լուծում, այլ ոչ թե հոգում ժողովրդի բարօրության մասին:

Բայց պարզվում է, որ «Հիմնադիր խորհրդարանը» միակը չէ, ում մեր պետական ու ազգային շահերն ամենաքիչն են հետաքրքրում: Կա ևս մեկը, ով կարծես թե ապրում է ռեժիմին «խուճապահար» անելու հատուկ առաքելությամբ: Խոսքս ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի մասին է, ով օրերս ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով՝ խոսեց ոչ թե ցեղասպանության, դրա հետ կապված՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այլ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների և Հայաստանում ընտրությունների կեղծման մասին: Կարծես թե Զուրաբյանն ավելի հարմար ժամանակ չէր գտել ընտրակեղծիքների հարցը բարձրացնելու համար, տարվա մնացած 11 ամիսների մասին երևի թե մոռացել էր:

Ինչպես տեսնում ենք՝ ՀԱԿ պատգամավորը կրկին իր տարերքի մեջ է և ինչպես «Հիմնադիր խորհրդարանից», այնպես էլ Լևոն Զուրաբյանից այլևս անիմաստ եմ համարում որևէ ողջամիտ մոտեցում ակնկալելը: Երևի նույնիսկ պետք է շնորհակալ էլ լինենք ՀԱԿ խմբակցության ղեկավարին, որ նա ԵԽԽՎ-ում չհայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է, այլ բավարարվեց միայն ընտրակեղծիքների մասին հիշեցնելով: Սա, իհարկե, առաջընթաց է:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *