Մեկի դեպքում՝ սարքված ֆլեշմոբ, մյուսի դեպքում՝ լռություն. սա է՞ ձեր մարդասիրությունը

11179719_893389420704298_1892748872_o
Բոլորս էլ հիշում ենք ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության արձագանքները Հայաստանում. սոցիալական ցանցերը ողողվել էին սպանությունը դատապարտող գրառումներով, արևմտամետ ու լիբերալ ակտիվիստները շտապում էին հերթական ակցիան կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ: Բանը նույնիսկ քիչ էր մնում հասներ նրան, որ մարդկանց մի խումբ սկսեր հանդես գալ «Մենք բոլորս Նեմցով ենք» կարգախոսներով…
Իհարկե, հասկանալի է և լավ է, որ մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ բռնության, ընդդեմ քաղաքական սպանությունների, ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման, բայց տրամաբանորեն այդ «մարդասիրությունը» չպետք է լինի ընտրովի, բռնությանն էլ պետք է դեմ լինել բոլոր դեպքերում, նույնիսկ եթե բռնության ենթարկվածը հակառուսական, արևմտամետ գործիչ է: Այս դեպքում, անշուշտ, կարող էր ողջունելի լինել նույնիսկ համազգային սուգը Նեմցովի համար, եթե դա չլիներ արհեստականորեն ուռճացված, պատվերով սարքված ֆլեշմոբ, այլ իսկապես լիներ ակցիա ընդդեմ բռնության: Բանն այն է, որ այդ նույն՝ ընդդեմ բռնության պայքարողները մեկ այլ՝ ուկրաինացի ընդդիմադիր լրագրող Օլես Բուզինայի սպանության դեպքում պարզապես գերադասեցին լռել: Բայց չէ՞ որ կրկին կատարվել էր սպանություն, բռնություն, բարբարոսություն…
Իսկ ու՞ր էին այս դեպքում ընդդեմ «ստրկության» և հանուն «մարդու իրավունքների», հանուն «խոսքի ազատության» պայքարողները, արևմտյան «դեմոկրատիայի» առաջամարտիկները: Նրանք չկան, և այստեղից ինձ մնում է անել մի եզրակացություն, որ ուկրաինացի լրագրողի սպանությունը նրանք երևի բռնություն չեն համարում, կամ էլ միգուցե թույլատրելի՞ բռնություն… Մեկի դեպքում՝ սարքված ֆլեշմոբ, մյուսի դեպքում՝ լռություն. սա է՞ ձեր մարդասիրությունը, հարգելիներս:
Թող ներեն ինձ ընթերցողները, բայց նման՝ գուցեև ծայրահեղ եզրակացությունների հանգել ստիպում է հենց համապատասխան մարդկանց պահվածքը, անհասկանալի ու անբացատրելի գործելաոճը, որը, ի դեպ, առաջին հերթին վարկաբեկում և արժեզրկում է իրենց իսկ քարոզած գաղափարախոսությունը: Ստացվում է, որ իրենց ասած «դեմոկրատիան» ենթադրում է ազատություններ, իրավունքներ և պաշտպանություն միայն իրենց կողմնակիցների, իրենց գաղափարակիցների համար, իսկ մնացած բոլորի հետ ինչ էլ կատարվի՝ հոգ չէ:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *