Մենք նոր ասելիքներ ունենք և պատրաստակամ ենք դրանք ի կատար ածելու. Մելիք Սաֆարյան

Հարցազրույց՝ «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մելիք Սաֆարյանի հետ.

Պարոն Սաֆարյան, Դուք հասարակության այն ներկայացուցիչներից եք, ով այնքան էլ աչքի չի ընկել ակտիվ քաղաքական գործունեությամբ: Ինչո՞վ եք դա պայմանավորում: Ե՞րբ եք սկսել զբաղվել քաղաքականությամբ և ինչու:

Մինչ քաղաքական դաշտ մտնելը, զբաղվել եմ բիզնեսով, բայց երբ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և սկսեց ձևավորել «Ծառուկյան» դաշինքը, որոշում կայացրի այդ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ինձ համար անչափ կարևոր էր այն հանգամանքը, որ ձևավորվող ուժը նոր է, հետաքրքիր մոտեցումներով, և նույնքան կարևոր էր նաև Գագիկ Ծառուկյանի կերպարը՝ մարդ, ում ժողովուրդն իրապես սիրում է և մարդ, ով մշտապես աջակցում է ժողովրդին: Այսօր մեր երկրի վիճակն օրհասական է, տեսնելով, որ օր օրի ամեն բան դեպի վատն է գնում, որոշեցի մտնել քաղաքականություն և կատարել մի շարք փոփոխություններ՝ երկրում կյանքի որակը բարելավելու համար:

Հասարակությանն, անշուշտ կհետաքրքրի՝ ով է Մելիք Սաֆարյանը, որ պատգամավորության հայտ է ներկայացրել: Ինչպե՞ս ինքներդ Ձեզ կբնութագրեք, ինչպիսի՞ մարդ եք Դուք:

Չեմ ցանկանա՝ ասածս ընկալվի որպես պոպուլիզմ, բայց ինձ համարում եմ ձգտող, ազնիվ, հայրենասեր: Մեծացել եմ ազնիվ, ստեղծող, արարող ընտանիքում և լինելով այդպիսի միջավայրում, դաստիարակվել եմ լավ մարդ և մարդասեր լինելու սկզբունքներով: Օրինակ ունենալով հորս՝ ձգտում եմ լինել նրա նման:

Չափազանց կարևոր է անձի բնութագիրը, թե ինչ մարդկային հատկանիշներով է օժտված անձը, առավելապես կարևոր է այն մարդու համար, ով հայտ է ներկայացնում՝ արժանանալու ժողովրդի վստահությանը:

Ինչո՞վ է պայմանավորված Ազգային ժողովի պատգամավոր դառնալու Ձեր ցանկությունը: Կա՞ն շեշտված գործոններ, որոնք Ձեզ մղել են այդ քայլին:

Իմ ընտրողների հետ շփումը ցույց տվեց, որ ես անելիք ունեմ, պետք է ներկայացնեմ նրանց շահերը և բարձրաձայնեմ նրանց հուզող խնդիրները՝ օրենսդիրի ամբիոնից: Իմ ընտրողների հետ հաճախակի եմ հանդիպել ու շարունակում եմ հանդիպել տարբեր ձևաչափերով: Փորձել եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել մարդկանց, որևէ կերպ թեթևացնել նրանց հոգսը:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո որոշեցի ինքս էլ առաջադրվել և հետամուտ լինել դրանց իրագործմանը, փորձել օգտակար լինել մարդկանց: Նրանք այսօր հոգսաշատ ու հիասթափված են. ահա այս հանգամանքներն էլ պատճառ հանդիսացան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու:

Խոսել և խոստումներ տալ կարող են բոլորը, սակայն շատ կարևոր է դրանք իրագործելու ցանկությունն ու կարողությունը:

Պարոն Սաֆարյան, օրինակ, ի՞նչ կարևորագույն հարցեր կան, որոնք պատգամավոր դառնալու դեպքում կբարձրացնեք խորհրդարանում:

Մշտապես կմասնակցեմ բոլոր այն նախագծերին, որոնք կներկայացվեն մեր դաշինքի կողմից և դրանց ընդունման դեպքում կկարգավորվեն բանկային, հարկային համակարգերը, հնարավորություն կտրվի ՓՄՁ ոլորտի առաջխաղացմանն ու ընդլայնմանը:

Կնախաձեռնենք այնպիսի օրենսդրական բարեփոխումներ, որոնցով աշխատավոր մարդը կկարողանա բարիք ստեղծել մեր երկրում, ստիպված չի  լինի արտագաղթել, կմնա հայրենիքում ու կշենացնի Հայաստանը:

Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանված լինեն պետության կողմից և օրենքներով:

«Ծառուկյան» դաշինքում ընդգրկված են նոր և թարմ մտածելակերպով, արդիական գաղափարներով օժտված թեկնածուներ: Ձեր մուտքով խորհրդարանն ի՞նչ ձեռք կբերի:

Քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված, նոր խորհրդարանը պետք է լինի մեր պետության և ժողովրդի խնդիրները լուծող կառույց: Կարծում եմ, որ Ազգային ժողովում կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես ընդունելի կլինեն մեր քաղաքացիների կողմից և ի վիճակի կլինեն երկրի քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման պատասխանատվությունը վերցնելու իրենց վրա, քանի որ էապես բարձրանում է պատգամավորի աշխատանքի պատասխանատվությունը:

Ճիշտ նկատեցիք՝ «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված թեկնածուները որքան նոր և երիտասարդ դեմքեր են, նույնքան էլ նոր գաղափարներով ու մոտեցումներով են օժտված: Մենք նոր ասելիք ունենք և պատրաստակամ ենք դրանք ի կատար ածելու:

Եվ վերջում, ասացեք խնդրեմ երեք պատճառ՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն տա Ձեզ:

Բոլորին մտահոգում է այն՝ ինչ են տալու այս ընտրությունները մեր համաքաղաքացիներին, արդյոք կփոխվի՞ մեր երկրի քաղաքական և տնտեսական վիճակը: Շատ կարևոր է, որ նոր խորհրդարանի քաղաքական համակարգը արդյունավետ լինի, որպեսզի մեր ընտրողները նոր խորհրդարանում տեսնեն իրենց վստահության քվեն ներկայացնող պատգամավորների:

Իմ վրա զգալով շատ դժվարություններ, այժմ և հետո էլ լինելու եմ իմ հայրենակիցների կողքին՝ նրանց ցավն իմը համարելով` ամեն կերպ աջակցելու եմ նրանց անհանգստացնող խնդիրների լուծմանը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *