Միհրան Պողոսյանն ընդունել է մեդալով և պատվոգրերով վերադարձած հարկադիր կատարողներին

11939119_883927858356676_1978969016_n

ՀՀ գլխավոր  հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է  ՌԴ Նովգորոդի մարզում անցկացված «Հիշատակի հերթափոխ- 2015» միջազգային ուսումնագործնական հավաքից մեդալով և պատվոգրերով վերադարձած Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, հետաքրքրվել հայկական կողմի ջոկատի մասնակցության արդյունքներով:

Աշխատակիցները տեղեկացրել են, որ Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված հուշամեդալին արժանացել է միայն Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները այս տարի ևս արժանացել են  ՌԴ գործընկերների և անձամբ ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի ջերմ ընդունելությանը:

«Հիշատակի հերթափոխ-2015» միջազգային ուսումնագործնական 5-րդ հավաքին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, ինչպես նաև՝ Բելառուսի  համանուն ծառայությունների ավելի քան 250 սպա:  Հայաստանի հարկադիր կատարողները համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում գտել են մարտական գործողությունների ժամանակ զոհված  և անհայտ կորած զինվորների մասունքներ և զինվորական պատվով հողին հանձնել  Ստարոռուսկի շրջանի Դավիդովո գյուղի  եղբայրական գերեզմանում:

Համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները իրենց հետ բերել են Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցած, անհայտ կորած համարվող 15 հայորդիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն,  որը կտրամադրվի Պատերազմի և Հայաստանի զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեին:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ  համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։

Ավետիք Հովհաննիսյանի հարազատները, նախապես տեղեկանալով, որ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեկնելու են ՌԴ՝ մասնակցելու  «Հիշատակի Հերթափոխ-2015» հերթական հավաքին, խնդրել են Հայաստանից մի բուռ հող տանել և լցնել հանգուցյալի շիրիմին. հարկադիր կատարողները զինվորական պատվով կատարել են Ավետիք Հովհաննիսյանի հարազատների խնդրանքը:

Նշենք, որ օգոստոսի  22-ից մինչև օգոստոսի 28-ը կազմակերպված «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառումը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *