Ադրբեջանի կողմից իրավիճակի շեշտակի սրումն ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը. ՀՀ ԱԳ նախարար

timthumb

Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին անցկացրել է եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը, ամփոփել 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվել հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցությանն անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվեց դեսպանությունների գործունեության միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Քննարկումների կարևոր առարկա է դարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ամփոփվել են այս կապակցությամբ կազմակերպված միջոցառումները և դրանց արդյունքները, քննարկվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով կատարված աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է. «Արձանագրված արդյունքները մեզ պարտավորեցնում են գործել առավել նպատակասլաց և հետևողական»։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղեկացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Ադրբե ջանի կողմից վերջին օրերին իրավիճակի շեշտակի սրումը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների’ Բելգրադում հնչեցված կոչին՝ վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման հանձնառությունը, ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը։

Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկել են արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։

Անդրադարձ է արվել մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *