Արտերկրյա գործընկերների հետ միասին ԴԱՀԿ ծառայության անձնակազմն այցելեց Ծիծեռնակաբերդ

11121688_824734994275963_634214902_n
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Արտերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները մոտեցել և մեկական ծաղիկ են ավելացրել անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա՝ ամբողջական տեսք տալով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի խորհրդանիշին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրավերով Հայաստան ժամանած Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակները կրել են Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկներով կրծքանշաններ:
Այնուհետև տեղի է ունեցել Ցեղասպանության նահատակ Սրբերի Բարեխոսական աղոթքի արարողություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի և մասնակից հոգևորականների կողմից և Մայր Եկեղեցու “Հավատամք” երգչախմբի մասնակցությամբ:
Պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական նյութերին, ինչպես նաև դիտել են Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ և գրառում կատարել հուշամատյանում: Թանգարանում նրանց «Հայոց Ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերում» վերնագրով գրքեր են նվիրել:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և ՌԴ Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն — ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը հիշատակի պուրակում ջրել են համապատասխանաբար 2014թ. և 2011թ. Հայաստան կատարած այցի ժամանակ իրենց տնկած եղևնիները:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավեր էր ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության մի շարք գործընկեր երկրների կառույցների ղեկավարների, ովքեր Ցեղասպանությունը դատապարտող, հայ ժողովրդի վիշտը կիսող և զորակցող խոսքեր են հղել հայ ժողովրդին և իրենց գործընկրոջը:

11169012_824734990942630_315770164_n
10822308_824734984275964_1832622766_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *