Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչեցի իմ պետությունը ներկայացնող թիմի մարզիկների բավականին ակնհայտ կոպիտ, ոչ սպորտային վարքագծի ու խաղի համար

JlWPYez9aZT5qfxFNMSD8j5dH7

Բազմիցս եմ անդրադարձել հայեցի, հային, հայ կնոջը հարիր չէ, մեր ազգն առանձնահատուկ է և այլ նման անհասկանալի դատողություններին, պոռոտախոսություններին ու մեծամտության հիվանդագին երևույթներին:
Երբ դեռևս խորհրդային տարիներին խոսում էին հայկական ճարտարապետության, հայկական ճարտարապետական կոթողների առանձնահատկությունների մասին, ես զարմանում էի հիշելով եգիպտական, հունական, Հին Հռոմի, Չինաստանի, Հնդկաստանի, Մայաների և մյուսների անկրկնելի ու հոյակերտ կառույցները: Նույնը իհարկե վերաբերում է նաև մյուս բնագավառներին…
Չեմ հասկանում ինչ է նշանակում հային հարիր չէ, հայ կնոջը հարիր չէ…Մենք ինչ է այլմոլորակա՞յին ենք, գերբնական կարողություններով օժտվա՞ծ, առանձնահատու՞կ…Մյուս ազգերը, ժողովուրդներն ունե՞ն նման արտահայտություն, նման մտածելակերպ, պահելաձև կամ նման խիստ արտահայտված մեծամտություն: Կարծեմ ոչ, կամ ոչ այդքան ցցուն…Ա′յ, խորհրդային հասարակությունում կար նման մտածելակերպ ու փոքր տարիքից սկսած մտցնում էին հոկտեմբերիկների ու կոմերիտականների գլուխը: Եվ միշտ հպարտությամբ շեշտում էին . «Խորհրդային մարդուն հարիր չէ…, խորհրդային մարդը, քաղաքացին առանձնահատուկ է, գերբնական»…, և նման շատ այլ ապուշություններ:
Ինչը՞ դրդեց ինձ կրկին անդրադառնալ այս ցավոտ թեմային ու կիսվել ձեզ հետ:
Պատճառը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում կայացած «Շիրակ»-«ԱԻԿ»(Շվեդիա) հանդիպումներն էին և մեր «հայ ու հայեցիների» պահելաձևն ու վարքագիծը…
Ես պատկերացնում եմ, թե ինչքան պետք է զայրացած լիներ շվեդական թիմի ղեկավարը, որ իր սկանդինավյան սառնարյունությամբ` ջրով լի բաժակը նետեր հայկական թիմի նախագահի վրա…
Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչեցի իմ պետությունը ներկայացնող թիմի մարզիկների բավականին ակնհայտ կոպիտ, ոչ սպորտային վարքագծի ու խաղի համար: Զարմանում էի, թե ինչու՞ էին յուրաքանչյուր ակնհայտ կոպիտ «վիրահատական, հնձիչ» հարվածից հետո չքմեղացած, անմեղ ու զարմացած նայում մրցավարին, փորձում արդարանալ: Ամոթի և զզվանքի զգացում ապրեցի, երբ իմացա, որ «Շիրակի» ֆուտբոլիստները մեղադրվել են հանդերձարանի սրբիչների գողության մեջ…Երբ իմացա, որ Գյումրիում շվեդական թիմի հյուրանոցի մոտ կեսգիշերին հրավառություններ են կազմակերպել նրանց քունը, հանգիստը խանգարելու համար…
Ա′յ նման բաներ մենք կարողանում ենք, նման բաները մեզ մոտ լավ է ստացվում…Ա′յ նման պահերը իրոք «հայեցի են, հային հարիր»…Իսկ հայ կնոջն էլ հարի՞ր է թուրքիաներում, դուբայներում, Վրաստանի լողափերին, Երևանի պարսկաշատ վայրերում, հյուրանոցներում պոռնկությամբ ու թրաֆիքինգով զբաղվել…
Իսկ շվեդական թիմի երեք տասնյակի հասնող երկրպագուներն ապրեն, կեցցե′ն…Նրանք ավելի մեծ եռանդով, նվիրումով ու ոգևորությամբ էին ցավում իրենց թիմի համար, քան չորս հազարի հասնող հայ երկրպագուները, կամ ավելի ճիշտ` մարզադաշտում նստածները…
Ապրեն շվեդները, ա′յ դա վիկինգավարի էր, իսկական վիկինգին հարիր…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *