Ինչու՞ պետք է հայերը նախընտրեն արտասահման մեկնել Վրաստանից

8wMCIIWX1XVP2Ybg6FcD1kSlpc

Ես երբեք չեմ սիրել, երբ անընդհատ գովաբանել են Վրաստանը, օրինակ բերել գովերգել, գովաբանել, ցույց տվել, որ մեզանում չարաշահումները, կաշառակերները, բյուրոկրատները, քաշքշուկը սովորական երևույթ է: Այո′, չեմ սիրել, չեմ հասկացել նման մարդկանց, բայց աստիճանաբար սկսեցի համոզվել, որ իրոք Հայաստանում ամեն դեպքում ինչ-որ բան այն չէ, վատ է…Վատ է, որովհետև բոլորս էլ հայ ենք` պետական զանազան պաշտոնյաները, մաքսավորները, գործարարները, իրավապահները, մի խոսքով բոլորը` հոսանքի ձյաձյայով, ջրչափի ծյոծյայով, գազի հոպարով…Բոլորը` բոլորը հայ են, նույն ազգը, նույն պետության քաղաքացի…
Հիմա էլ կարդում եմ, լսում. «Ինչու՞ պետք է հայերը նախընտրեն արտասահման մեկնել Վրաստանից»…Իրո′ք, ինչու՞…
Կառավարությունից, որևէ այլ մարմնից, որևէ մեկն ի վերջո կարո՞ղ է բացատրել այս ամենի պատճառը…Այդ ինչպես է, որ գրեթե հիմնականում Թբիլիսիից կես գնով էժան է թռիչքները, ինչու՞…
Ինչու՞ են նրանց ճանապարհները ավելի բարեկարգ, թունելները լուսավոր, մաքսայինները բարեհամբույր ու արագաշարժ…Ինչու՞…
Ինչուները շատ են, պատճառներն էլ պարզ գուցե…Բայց մինչև ե՞րբ…
Լա′վ, ի վերջո համապատասխան ծառայությունները, կառավարությունը` նախարարություններով, մյուս կառույցներով գուցե վերանայե՞ն իրենց աշխատաոճը: Ի՞նչ անենք, այլազգի պաշտոնյանե՞ր ներմուծենք Հայաստան…
Ախր ոչ մեկս էլ հիմնականում մի բան չենք մեր տեղերում…Հիշե′ք, աջ ու ձախ` տնից դուրս գալուց հետո, ձեր շփումները, աշխատանքը, շրջապատը, նրանց վերաբերմունքն ամենուր` վաճառողից, տաքսու վարորդից, պաշտոնյաներից, բուժաշխատողներից, ուռած-փքված «գալստուկավոր» ավագանիներից, թաղապետարաններից, բոլորից սկսած…Հա′, քաղաքական գործիչներից սկսած, ունիկալ ու աննման որոշ «էկզեմպլյար դարձած» պատգամավորներով վերջացրած…
Ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ բան խախտվել է մեզանում, գենետիկ կոդն է մուտացվել, ձևախեղվել…Զրոյացվել է պետական մտածողության հասկացությունը, հանրային ապրելակերպում անձնական դերի բարձրացման ու անձնական օրինակով օրինապահության ու կարգուկանոնի անհրաժեշտության գիտակցումը: Շատ ենք հարմարվող, շատ ենք տնավարի, խնամի-ծանոթ-բարեկամական, շահամոլ, կոպիտ, հարցերը միշտ օրինականությունը շրջանցելով լուծելու կողմնակից, օրենքները շատ դեպքերում` ըստ պահանջի, խուճուճ-մուճուճ, այստեղից, այնտեղից թխած, էկլեկտիկ…
Նույնիսկ եկեղեցիական տոները` մատաղներով, տրնդեզներով, վարդավառներով…
Մի խոսքով. «Մերն ուրիշ է», «Մենք ուրիշ ենք», «Մենք հայ ենք, մեր ամեն ինչը հայեցի է ու առաջնակարգ»…Բա մի բանով պե՞տք է տարբերվենք մյուսներից, թե՞ ոչ…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *