Բողոքում ենք ու բողոքում

JlWPYez9aZT5qfxFNMSD8j5dH7

Ինչքան ես հիշում եմ, բոլոր իշխանությունների օրոք` նաև խորհրդային տարիներին, բողոքում ենք կյանքից, պետական պաշտոնյաներից, դժգոհում ապրուստից, պայմաններից, ունեցվածքից…Բողոքում է ունևորն էլ, չունևորն էլ…Ամեն մեկն ըստ իր ախորժակի, ըստ իր ցանկությունների…
Կյանքն ինչքան էլ լավանա, զարգանա, բարելավվի` մեկ է բողոքողների մի ստվար բանակ կգտնվի: Ձմեռը բողոքում ենք ցրտից, քամուց ու սառնամանիքից, ամռանը շոգից ու տապից, գարնանն անձրևից ու կարկուտից, աշնանը բերքի առատությունից կամ քչությունից:
Հրեաներին Եգիպտոսից հանելուց հետո, հենց առաջին իսկ օրվանից բոլորը Մովսեսի կյանքն ուտում էին պահանջելով հրաշքներ ու դրախտային կյանք…Հոգնում Աստծո պարգևած մանանայից ու մյուս բարիքներից, կրկին պահանջներ ներկայացնում, ապստամբում, պատժվում երկրաշարժով, ժանտախտով և այլ անեծքներով…
Մի խոսքով, բողոքում ենք ու բողոքում, Զարուհի Փոստանջյանի նման երազում Դեվ դառնալ ու կուլ տալ իշխանություններին…Մոռանում ենք, որ մեր պահանջներն են աճում, մեր ցանկություններն ավելանում…Խորհրդային <<ժիգուլի>> ենք քշում, ուզում ենք <<Օպել>> ու <<Ֆոլկսվագեն>>…Հետո, բա ինչպես` <<ԲՄՎ>> ու <<Մերսեդես>>…Բա Դավիթաշենի, Աջափնյակի, Չարբախի տունը չծախե՞նք, չգնա՞նք Կենտրոն` Հյուսիսային պողոտայից էլիտար տուն գնենք…
Մի խոսքով` արագ մոռանում ենք նախկին մութ ու ցուրտ տարիները, քարուքանդ եղած, խրամատների նմանվող ճանապարհները, չորացած գազոնները, մասսայական կտրտված ծառերը, շենքերի կեղտոտ պատերը, կաթկթող տանիքները, խավար ու մութ փողոցները, աղբանոցի վերածված փողոցները, բակերն ու շենքերի մուտքերը:
Ալարում կամ չենք ուզում նկատել, որ այնուամենայնիվ առաջընթաց կա այնուամենայնիվ ինչ-որ բան արվել է, որ կյանքը համենայնդեպս բարելավվել է…
Ավտոմեքենաների հոսքը, խցանումները, մեքենաների մակնիշները, ժողովրդի հագուկապը, հեռախոսների քանակն ու մոդելը…Երևի մեկ շնչին ընկնող <<Այֆոնների>> քանակով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում…Բոլորն <<Այֆոն>> ունեն, բացի ինձանից…Տեսա՞ք ես էլ դարձա բողոքավոր…
Մեր բազմամբնակարան շենքում խորհրդային տարիներին 3-4 հոգի մեքենա ուներ, բակում երեխաներն էին խաղում: Հիմա կանգնելու տեղ չկա, իրենց կյանքից մշտապես դժգոհողները 2-3 մեքենա ունեն արդեն…Կեղտի ու աղբի մեջ թաղված շենքը` իր ջարդված դռներով, կեղտոտ, քարուքանդ վերելակով, ձմռանը սառցակալած աստիճաններով հիմա դարձել է անճանաչելի: Գեղեցիկ ներկված, ամուր դռներով` ժամանակակից փականով, <<դամաֆոնով>>, ներկված, վերանորոգված, <<եվրոպատուհաններով>> միջանցքներով, մաքուր, <<պլպլան>> վերելակով, միայն աչք է շոյում:
Օրինակը շատերին գուցե պարզունակ թվա, բայց նաև ավելի շատ բնորոշող է ու ակնհայտ տեսանելի: Իսկ բնակիչներն էլի քանդում են, փչացնում, կեղտոտում, ավերում….Ու ճի′շտ եք, էլի բողոքում ու դժգոհում…
Այնպես որ, միայն չպետք է վատը տեսնենք, լավն էլ կա: Գիտեմ, որ առաջընթացի հետ պահանջարկն էլ է աճում, ավելանում, շատանում, բայց լավը չտեսնելն էլ ճիշտ չէ ու դառնում է խրոնիկ հիվանդության նման մի բան…
Համաձայն եմ, որ նաև վատ բաներ էլ շատ կա, որն էլ պետք է վերացնենք, արմատախիլ անենք, միասին`բոլորով…Սկսենք մեզանից, մեր ընտանիքներից, մեր շրջապատից, հարազատներից, լինենք պահանջատեր, բայց նաև օրինապահ ու օրինապաշտ` բոլորս, անկախ դիրքից, ունեցվածքից ու պաշտոնից…
Քայլ առ քայլ, առանց հեղափոխությունների, առանց Դեվի նման իշխանություններին կուլ տալու, համառ, հետևողական, առանց ստեղծածն ավերելու, կործանելու` այլ զարգացնելու, բարելավելու, կատարելագործելու ճանապարհով մեր կյանքը դարձնենք բարեկեցիկ, ստեղծենք նորմալ քաղաքացիական հասարակություն և օենքների ու կարգուկանոնի երկիր…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *