timthumb

Կարելի է մարդուց վախենալ, կամ ինչ-որ հարցով նեղացած մնալ, բայց երբ դա մշտական է դառնում, խրոնիկ բնույթ է կրում, դա արդեն դառնում է պաթոլոգիա և դրանով պետք է զբաղվեն բժիշկները: Օրինակ «168 ժամի» գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը այդպիսի ֆոբիա ունի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Արդեն մեկ տարուց ավել է՝ Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում, հետևաբար քաղաքական թեմաներով գրողների համար նա որևէ հետաքրքրություն չպետք է ներկայացնի, բայց Սաթիկ Սեյրանյանը դեռ ապրում է Ծառուկյանի հանդեպ վախով, կարծես թե առանց դրա Սաթիկ Սեյրանյանի կյանքը կկորցնի իր ողջ իմաստը: Նա իրեն հայտնի պատճառներով որոշել է նորից վերլուծել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները, մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերը:

Թե ինչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ՝ այդ մասին արդեն բազմիցս խոսվել է, բազմիցս պարզաբանվել, Ծառուկյանը համախմբել էր իր շուրջը ժողովրդի մի զգալի մասին, բայց մյուս կողմից նաև հասկացել էր, որ արդյունքում կարող է արյունահեղություն լինել, ինչը նա թույլ տալ չէր կարող ու թույլ չտվեց:

Հիմա անցել է մեկ տարի, բայց Սաթիկ Սեյրանյանին դեռ հանգիստ չի տալիս Ծառուկյանի ստվերը: Մեկը լիներ՝ այդ կնոջը ասեր՝ հարգելի Սաթիկ, իզուր մի վախեցիր, Գագիկ Ծառուկյանը քեզ ոչինչով չի սպառնում, նա վաղուց արդեն քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, քաղաքական որևէ հավակնություն չունի:

Լրագրությունը վերածելով անբարո առուծախի, էժանագին պատվերի մակարդակով ներկայանալով ընթերցողին՝ Սեյրանյանն ուղղակի խայտառակ է անում մեր մասնագիտության տեր քաղաքացիներին։ Իսկ թե ինչը կօգնի իրեն դուրս գալ այս թմբիրից միայն հոգեբույժներին է հայտնի: