Վերադարձեք աշխատանքի, ժողովուրդ

10940484_10153120283944273_2520406101196409827_n

Սոց.ցանցերը, բլոգերը, լրատվական կայքերի արժեքը գնալով նվազում է՝ դրանց թվի աճի հետ մեկտեղ։ Ուզում ես արժեզրկես խոսքի ազատությունը, տուր այն բոլորին անխտիր։ Ուզում ես արժեզրկես մեդիա դաշտը, տուր բոլորին հանրային կերպով ներկայանալու հնարավորություն։ Դա ասում եմ ես՝ 10 տարուց ավել ակտիվ բլոգ վարող ու սոց.ցանցերում չափազանց ակտիվ նվաստս։

Զրո արժեք ունեն ֆեյսբուքյան մեկ-երկու օր տևող թրենդերը, որոնց մասին հեշտությամբ մոռանում ես դրանց առաջանալու ու կորելու հաջորդ օրը։ Սահմանային միջադեպերը, զոհված զինվորները, մատնաքաշերը, պոեզիան, Հրաչյա Հարությունյանը, բանդայի գործը, կուտակային համակարգը, դելֆինարին, Նաիրիտը, Իսլամական Պետությունը, Ալիևը ու Քիմ Քարդաշյանը՝ բոլորը դասվում են մեկ մակարդակի վրա ու ունեն ժամանակաից մարդու համար մեկ պարզ գործառույթ՝ փարատել մարդու հետաքրքրությունը, զբաղեցնել նրան օրվա որոշ ժամերին, ուրախացնել ու տխրեցնել։ Հաջորդ օրը ամենը կորում է հաջորդ օրվա թեմայի առաջ գալու պահին։

Այս անխուսափելի չարիքն է պատճառը, որ մենք ունենք կիսատ-պռատ մասնագետների բազմություն տարբեր ոլորտներում, ովքեր փոխանակ իրենց մասնագիտությունը շտկեն, զարգանան, օգտվեն համացանցում անհամար կրթական նյութերից, փորձում են գլուխ հանել տեղական ու միջազգային քաղաքականությունից, մակրոտնտեսությունից, ֆինանսական աշխարհից, գողական աշխարհից, այլ ոլորտներից, որոնցում մասնագիտացումը իրենց չի տալիս ուղիղ հաշվով ոչ մի բան, բայց լցնում է օրը ամբողջությամբ՝ առաջացնելով զգացում, որ ողջ օրվա ընթացքում օգտակար գործով ես զբաղվել։ Բայց չես զբաղվել։ Կորցրել ես օրդ, կորցրել ես անթիվ ժամեր ու օրեր, չես աճել, չես աշխատել, չես զարգացել, չես սովորել, չես սովորեցրել, չես ստեղծել։ Բայց կարդացել ես շատ երկար տեքստեր, կարդացել ես այլ մարդիկ այդ երկար տեքստերի մասին ինչ են մտածում, գրել ես՝ դու ինչ ես մտածում այդ երկար տեքստերի մասին, ու ուրախ պառկել ես քնելու, որ մյուս օրը շարունակես փարատել հետաքրքրությունդ թեմաներով, որոնք առանց քո մասնակցության կան ու կլինեն այնպես ինչպես պետք է լինեն, առանց քո մասնակցության։

Վերադարձեք աշխատանքի, ժողովուրդ։

Սեդրակ Մկրտչյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *