Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը

serj_sargsyan11_632670555
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` ապրիլի 21-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարևոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործում անուրանալի է Արգենտինայի ավանդը: Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, այնուհետ նաև հիասքանչ Արգենտինայում ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել հարուստ մշակութային ժառանգություն և հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում ներկայացնել Արգենտինան և վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկկողմ քաղաքական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, նպաստելու տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան փոխգործակցության խորացմանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *