Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ

2310241031432292416

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։
«Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում»,– ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
«Հայտնի է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները»,– ասել է նա:
«Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետև պարզապես այդքան երկիր չէր լինի»,– ավելացրեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *